Այն կանայք, որոնք ընտրում են բարձրակրունկ կոշիկներ, նույնիսկ չեն էլ պատկերացնում, թե ինչ վնաս են հասցնում իրենց առողջությանը, գրում է tert.am-ը՝ հղում տալով meddaily.ru-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է The Daily Mail-ին։

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, ցավերն առաջանում են բարձրակրունկ կոշիկը կրելուց ընդամենը 1 ժամ 6 րոպե հետո։ Իսկ կանանց մեկ հինգերորդը սկսում է ցավ զգալ 10 րոպե անց։

Պարզվել է նաև, որ ոտքերի հետ կապված խնդիրների են բախվում 10 կանանցից 9-ը, 20%-ն ամաչում է դրա համար։ Այդպիսին են հարցման արդյունքները, որն անցկացրել է Մեծ Բրիտանիայի Ոտնաթաթերի հիվանդությունների քոլեջը։

Կանանց մեկ երրորդը բարձրակրունկ կոշիկներ է կրել նույնիսկ այն դեպքում, երբ այն փոքր է եղել (պատճառը՝ դուր է եկել արտաքնապես)։

Սակայն երկար ժամանակ անհամապատասխան կոշիկ կրելու դեպքում կարող են հոդացավեր և կոտրվածքներ առաջանալ։ Դա վիրահատություն կամ ներարկումներ է պահանջում։ Հանդիպում են ներաճած եղունգներ, կոշտուկներ և մակերեսի այլ թերություններ։ Իսկ երբ մատները սեղմված են միմյանց, դրանց միջև խոնավություն է կուտակվում և բարենպաստ պայմաններ են ստեղծվում պաթոգենների տարածման համար։ Բացի այդ, ձևափոխվում է ողնաշարը և նկատվում է ծանրաբեռնվածության ոչ ադեկվատ բաշխում։

Տարօրինակ չէ, որ յուրաքանչյուր հինգերորդ կինը պարբերաբար հանում է կոշիկներն ակումբում կամ փողոցում, քանի որ չի կարող այլևս դիմանալ ցավին։ Բժիշկները «սև ցուցակում» են գրանցել ցանկացած կոշիկ, որի կրունկը 5 սմ-ից ավելի է։

Հատկանշական է այն, որ որքան երիտասարդ է կինը, այնքան բարձր է կրունկը։ Իսկ կանանց 20%-ը հրաժարվում է դիմել բժշկի՝ ոտքերի խնդիրներն աննշան համարելով։