Շառլ Ազնավուր
Իսկական անունը՝ Վաղինակ Ազնավուրյան:

Ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, հայ ընտանիքում, որը 1922 թվականին գաղթել էր Ֆրանսիա:
Ազնավուրի մայրը' Քնարը, ծագումով հայ վաճառականի ընտանիքից էր, որոնք ապրում էին Արևմտյան Հայաստանում, հայրը ' Միշա (Միքայել) Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, Ջավախքում (ասում են, որ Ազնավուրի պապը եղել է Նիկոլայ II-ի խոհարարը):
9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոում, սակայն սովորելու է ընդունվում Էլեկտրոնիակյի կենտրոնական դպրոց: Բայց, արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը: Սկզբնական ժամանակաշրջանում Ազնավուրը համագործակցում էր կոմպոզիտոր Պյեր Ռոշեի հետ: Նրանց երկուսին նկատում է Էդիտ Պիաֆը և 1946 թվականին Ազնավուրն ու Ռոշեն մասնակցում են նրա շրջագայությանը Ֆրանսիայով և ԱՄՆ-ով: Այդ պահից սկսվում է Ազնավուրի պրոֆեսիոնալ առաջընթացը որպես շանսոնյե:

Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունը եղավ ամենագլխավոր ազդակը Ազնավուրի պրոֆեսիոնալ կյանքում: Նա սովորեց Պիաֆից ամեն ինչ, ինչ կարելի է իմանալ շանսոնյեի արվեստի մասին: Պիաֆի պնդմամբ Ազնավուրը լքում է Ռոշեին և սկսում է իր ցնծալի առաջընթացը որպես երգիչ-մենակատար:
Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին զանազան կինոֆիլմերում, այն թվում նաև “Թեհրան-43″ սովետական ֆիլմում:

Հայկական թեման շոշափվում է նրա մի քանի երգերում՝ “Ջան”, “Ինքնակենսագրություն”, և “Քեզ համար, Հայաստան”:
Հրատարակել է իր բանաստեղծությունները և ինքնակենսագրությունը “Ազնավուրը Ազնավուրի մասին”:
Վաճառելով ավելի քան 100 մլն. ձայնասկավառակ, Ազնավուրը դառնում է թագավոր ֆրանսերեն սիրո մասին երգող երգիչների միջև, ինչպես Էլվիս Պրեսլին անգլերեն և Խուլիո Իգլեսիասը իսպաներեն երգողների մեջ:

1956 թ.-ից Ազնավուրը նաև կանոնավոր նկարահանվում է կինոում. ավելի քան 50 ֆիլմերում, համագործակցելով այնպիսի ռեժիսորներ հետ ինչպիսիք են՝ Ռենե Կլերը, Կլոդ Շաբրոլը, Կլոդ Լելուշը: Ամենա հանրաճանաչ ֆիլմերից է Ժան Կոկտոի ” Օրֆեի պատգամը” (1960), Ֆրանսուա Տրյուֆոի “Կրակեք դաշնակահարին” (1960), Ֆոլկեր Շլենդորֆի “Երկաթյան թմբուկը” (1979): Ազնավուրի ստեղծագործական կյանքում հատուկ տեղ է գրավում Ատոմ Էգոյանի “Արարատ” (2002) ֆիլմը, որը նվիրված է 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

Ազնավուրի կապը հայրենիքի հետ շատ սերտ է, ամբող կյանքը ապրելով Ֆրանսիայում Ազնավուրը երբեք չի մոռանում, որ նա Հայ է:

Ազնավուրի անունով Երևանում կոչվել է հրապարակ, իսկ Գյումրիում դրվել է նրա արձանը:

Նրա երգերը (որոնք հազարից ավել են) կատարել են այնպիսի երգիչներ ինչպիսին են Ռեյ Չարլզը, Լայզա Մինելլին, Բոբ Դիլանը: Վերջերս “Թայմ” ամսագրի հարցմամբ Ազնավուրը ճանաչվեց XX դարի լավագույն էստրադային կատարող: Լինելով լեգենդ' Շառլ Ազնավուրը իսկական հայրենասեր է: 1988թ. տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որը հազարավոր կյանքեր խլեց, նա հիմնել է բարեգործական ֆոնդ “Ազնավուրը Հայաստանի համար” և մի քանի ակցիա է կազմակերպել աղետից տուժողներին օգնելու համար: Նա պատրաստել է բարեգործական տեսահոլովակ Անրի Վերնոյի և 90 այլ ֆրանսիացի երգիչ-դերասանների հետ միասին “Քեզ համար, Հայաստան” երգի համար: Տեսահոլովակը վաճառվեց ռեկորդային' 2 միլլիոն օրինակով:
Հետագայում, իբրև շնորհակալական հայտ Հայաստանին օգնություն կայացնելու համար, նրան հանձննվել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիր և նշանակեցին ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշտական դեսպան:

Ներկայացնում ենք Ազնավուրի <ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ> բանաստեղծության թարգմանությունը

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.
Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:

Հայրս երգում էր օպերետներում,
Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,
Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,
Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,
Ես ու քույրս էլ' ուրախ ու խնդուն,
Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:

Այդ արտիստները – հոգսը ուսերին, ընտանիքի տեր -
Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,
Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,
Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով
Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,
Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:

Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,
Այդ արտիստները' կյանքից վտարված, փորձ էին անում,
Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային
Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,
Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,
Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:

Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,
Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,
Կոտրված սրտով ու խռովահույզ
Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում
Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր'
Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:

Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,
Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,
Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,
Բյուր անգամ երգված երգն էին երգում,-
Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,
Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:

Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,
Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,
Իսկ ծնողներս ինձ ասում էին.”Վերևն Աստված կա,
Լավություն արա' մի որ անպայման կգա քո դիմաց”:
Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.
Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:

Մինչ խոհանոցում, մի ձեռքին' կաթսա, մի ձեռքին' տապակ,
Իր անելիքն էր հայրս որոշում,
Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ
Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:
Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում
Եվ հետո միայն դպրոց հաճախում:

Ազատ, ինքնիշխան' այսպես մեծացա,
Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,
Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-
Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,
Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,
Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,
Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,
Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,
Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,
Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:

աղբյուրը' ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ “Ազնավուրը Ազնավուրի մասին”

Գրիչս ցած դրի ու նորից կարդացի բանաձևս. ճիշտ էր և անկեղծ:
Պիտի պայքարեմ այս բոլորի դեմ, դա շատ ժամանակ կխլի ինձանից:
Ստիպված պիտի լինեմ խնամքով հետևել ինձ:
Բայց պիտի փոխվեմ. այդպես եմ ուզում:

*****
Թղթերս դասավորեցի ու նորից քնեցի հարբածի խորունկ քնով:
Առավոտյան վեր կացա, դարձյալ կարդացի գրածս:
Հանկարծ մի արտասովոր վստահություն համակեց ինձ. այն վստահությունը, որ միշտ պակասել էր ինձ:
Կանգնած անկողնուս մոտ հանկարծ գրեցի, որ եթե ինձ չեն սիրում, ապա դրա միակ պատճառը այնն է, որ ինձ չեն հասկանում, ու ես որոշեցի հասկացնել տալ ինձ:

*****

Պետք է հրաժարվեմ ներկայից ու նայեմ դեպի ապագան' առանց ժխտելու անցյալը:
Իմ բազան ողջ ֆրանսիական երգն է, արմատներս համաշխարհային ֆոլկլորն ու արևելյան պոեզիան, հատկապես հայկականը:

*****

Անհատականության պակասը. Ինձ նկատել տալու համար էքսցենտրիկ եմ հագնվում:
Նկատում են, բայց ժպտում:

*****

Կրթությանս պակասը. Մեծ դժվարությամբ ձեռք եմ բերել յոթամյա կրթության վկայականը, ոչինչ մենակ չեմ սովորել:
Սովորում են միայն ուրիշներին լսելով:

*****

Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի:
*****
Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը:
*****
Ձախողում, ձախողման ետևից:
Ոչինչ չի ստացվում:
Դահլիճից բղավում են' բավական է սուլում են և ի վերջո բեմից դուրս վռնդում:
Մի օր առավոտյան կողմ արձանագրեցի. <<Այն մարդը, որ ինքն իրեն չէ ճանաչում, երբեք ոչ մի բանի չի հասնի… Շնորհքը դեռ ոչինչ չի նշանակում, կարևորը սեփական թերություններից օգուտ քաղելն է>>:

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԵՐ

Այն կինը, որին սիրում եմ հիմա,
Տրվել է ազնիվ, բարի արհեստի.
Նա հաճախում ե դասընթացների
Եվ երազում է լոկ բժիշկ դառնալ:
Բայց գիշերը, երբ շոյում եմ, սիրում,
Նա շշնջում է կես-լուրջ, կես-կատակ.
“Գիտե՞ս ինչեր կան իմ մատների տակ,
Երբ քո մարմինն է մարմինս գրկում -
Կա ածխածին ու կալիում,
Կա լուսածին ու նատրիում,
Ցինկ կա, երկաթ, ջրածին,
Կա յոդ, պղինձ ու բրոմ,
Կա մարգանեց, կրածին,
Բորակածին, թթվածին:
Մարմինը ջուր է կիսով,
Եվ հարուստ է աղերով,
Օրգանական նյութերով,
Միս կա, նաև ոսկորներ,
Իսկ մաշկի տակ մկաններ,
Դա է տառապանքը, իմ սեր”:
Ես ընկերներիս նախանձն եմ շարժում,
Որոնց կարծիքով բժիշկն անկողնում
Պետք է որոնի հանճարեղ բաներ.
Հանճարեղն այն է, որ մտան մեջ ես
Դասընթացներին ներկա եմ կարծես,
ՈՒ ապրում եմ լոկ բժշկական սեր:
Ես ձեզ երդվում եմ( դա մեր մեջ ասած ),
Տանջվում եմ սիրո իմ բարդույթներով,
Քանզի զգում եմ՝ մինչև լուսաբաց,
Նա ինձ կհերձի իր այդ խոսքերով:
Եվ որպեսզի ես, հանուն մեր սիրույն,
Լռեցնեմ նրան, շուրթն եմ համբուրում,
Բայց հենց որ կրկին նա շունչ է քաշում,
Գույքացուցակն է մեջբերում իսկույն.
Կա նիկել ու վանադիում,
Մոլիբդեն ու ալյումին,
Կապար, անագ կա ու բոր
Տիտան, զարիկ ու մագնիում,
Ֆտոր, կոբալտ, սիլիցիում,
Անգամ ծծումբ ու քլոր:
Եվ ավարտում է լյարդով,
Թոք-երիկամ-ստամոքսով,
Ենթաստամոքսի գեղձով,
Հարականջի գեղձերով,
Օրգաններով արտաքին,
Օրգաններով իր ներքին,
Պայծաղով ու ուղեղով,
Վահան գեղձով ու սրտով:
Պատում է գիշերն ինձ մի զգացում.
Մարմնամարզուտյան դասեր եմ առնում:
Տեսնու՞մ եք, որ նա խելքից պակաս է.
ՈՒրիշներն ունեն քնարաշունչ սեր,
Խենթուխելար կամ գաղտնաշշունջ սեր,
Բժշկական սեր – իմ խաչն էլ սա է:
Իմ հուզիչ սեր

Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ,
Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում,
Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ
Քո լեզվով' ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում:
Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն
Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք.
Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն,
Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ:
Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու,
Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան,
Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն,
Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական:
Իմ ջանքերը տեսնելով' դու ծիծաղում ես անձայն,
Քանզի ձախողակ եմ ես, ու հաճախ եմ սխալվում,
Մատներս անվարժ են դեռ, ուղղագրությունս' կաղ,
Բայց ամեն գնով կասեմ, որ քեզ այնքա~ն եմ սիրում:
Իմ սեր, իմ հուզիչ սեր,
Հիասքանչ իմ սեր, սրտառուչ իմ սեր:
Իզաբել

Իմ սիրտը վաղուց ի վեր քնած էր խորը քնով,
Ու չէր կարծում երբևէ, թե նորից է զարթնելու,
Սակայն քո քնքուշ ձայնից գլուխս բարձրացնելով'
Հասկացա, որ այդ պահին սերը ծնվեց իմ սրտում:
Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:
Ինչպես կացինն է ճեղքում հաստ կեղևը թթենու,
Սերը սահեց մաշկիս տակ, երբ նայեցինք մենք իրար,
Այնպիսի ուժգնությամբ հուզեց թրթիռն իմ հոգու,
Որ այդ օրվանից ի վեր չունեմ ոչ քուն, ոչ դադար:
Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:
Երբ ինձ հետ ես, ժամերը վայրկյանի պես են թռչում,
Մինչ օրերը առանց քեզ ասես տևեն տարիներ,
Երբ որ քո կողքին չեմ ես, ողջ աշխարհն է խավարում,
Քանզի քոնն են իմ մտքերը ու երազները, իմ սեր:
Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:
Քո կյանքը լույս է պայծառ, իմը' մթին մի անկյուն,
Ուր ես մեռնում եմ սիրուց, իսկ դու տենչում ես ապրել.
Փայփայել քո ստվերը լոկ, ավելին չեմ երազում,
Եթե միայն ուզեիր բախտդ իմ ձեռքը հանձնել:
Իզաբել, Իզաբել, Իզաբել,
Իզաբել, Իզաբել, իմ սեր:
Եթե ինձ տրվեր

Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր
Լոկ մի ժամվա կյանք
Եվ երբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Անկողնուդ խորշում,
Դու կվանեիր
Թե՛ վախ, թե՛ սոսկում:
Հակված քո կյանքի
Զարկերի վրա՝
Ես կպահեի,
Ես կպահեի
Իմ սրտի խորքում
Եվ ցուրտ հողի տակ
Մի քիչ բոց կրակ,
Պոկված քո հոգուց:
Եթե ինձ տրվեր,
Եթե ինձ տրվեր
Լոկ մի ժամվա կյանք
Եվ եբե՛ք ավել,
Կուզեի ապրել
Սիրո անկողնում,
Երբ օրն է բացվում,
Որ ասեի լոկ
Սիրո բառ ու խոհ,
Եվ չունենայի
Մտածում ու խոհ,
Մտածում ու խոհ,
Թե մեկը ինձնից
Հետո կտեսնի
Ժպիտդ ու քեզ
Կգկի գաղտնի:
Եվ մի համբույրում
Եվ մի համբույրում
Խաղաղված մարմնով
Եվ բույր կասկածից
Վերացած հոգով՝
Իմ քունը վերջին
Կբանար լույսի՛ն
Տանող իմ ուղին:

Նյութը պատրաստեց ՀԱՍՄԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ