Տաղանդավոր երգչուհի, երգահան, պրոդյուսեր, պարուհի, բիզնես լեդի, երիտասարդ մայրիկ, այս տարի People ամսագրի կողմից մոլորակի ամենագեղեցիկ կին ճանաչված Բեյոնս Նոուլզը ծնվել է 1981թ. Հյուսթոնում: Փոքրիկ Բեյոնսեն ինքնամփոփ, ամաչկոտ մի աղջնակ էր, որն ամեն ինչ անում էր աչքի չընկնելու համար. չէր հետևում իրեն, քչախոս էր, աշխատում էր չհայտնվել մարդաշատ վայրերում:
Դպրոցում երեխաների մտքով անգամ չէր անցնում, որ Բեյոնսեի մայրը'Թինա Նոուլզը, սեփական գեղեցկության սրահ ունի: Բեյոնսեի արտաքինը ցույց էր տալիս ճիշտ հակառակը' որ նրանով ոչ ոք չի զբաղվում: Դպրոցում Բեյոնսեն քայլում էր գլուխը կախ, աչքերն էլ' միշտ հատակին: Բեյոնսեի մանկությունն անհամեմատ հեշտ է անցել, քան համաշխարհայինլ աստղերից շատերինը: «Փոքր ժամանակ ես շատ լավ աղջիկ էի: Գրքեր էի կարդում, օգնում էի մայրիկիս շոկոլադե տորթ թխել և մինչև 16 տարեկան չէի էլ մտածում տղաների մասին: Բայց ոչինչ, հիմա տեղը հանում եմ»,- մի անգամ կատակել է Բեյոնսեն:
7 տարեկանում Բեյոնսեն սկսում է պարել: Նա, պարի ուսուցչուհու ջանքերի շնորհիվ, սկսում է հավատալ, որ բեմն է իր իսկական տեղը: Նա մասնակցում է տաղանդների մրցույթի Ջոն Լենոնի «Imagine» երգով: Իրենց աղջկա ելույթով հիացած են մնում ծնողները'Մեթյուն և Թինան: «Տուն գնալու ճանապարհին մեքենայում ձևացրի, թե քնած եմ և լսում էի ծնողներիս խոսակցությունը: Մայրս հարցնում էր հորս կարծիքը, թե արդյոք ես երբևիցե կհասնեմ Թրեսի Սփենսերի մակարդակին, իսկ հայրս պատասխանեց, որ ժամանակը ցույց կտա»: Այդ պահին էլ փոքրիկ տաղանդը որոշում է, որ բեմն է իր ապագան: Մի տարվա ընթացքում Բեյոնսը մասնակցում է ավելի քան 30 մրցույթների իր հարազատ քաղաքում ' Հյուսթոնում:
90-ականների սկզբին Բեյոնսեն իր բարեկամուհու' Քելլի Ռոուլանդի և Լատավիյա Ռոբերսոնի հետ ստեղծում է Girls Tyme խումբը: Հետագայում խմբին է միանում ևս մի գեղեցկուհի' Լաթոյա Լակետը, և խումբն անվանափոխվում է Destiny's Child: Խմբի մենեջերն է դառնում Բեյոնսեի հայրը' Մեթյու Նոուլզը: Այստեղից էլ սկսվում է Բեյոնսի աստղային կյանքը: Խումբը շատ արագ մեծ ճանաչում է բերում աղջիկներին, մասնավորապես' Բեյոնսին' խմբի ամենից աչքի ընկնող սոլիստին: 1988-ին խումբը թողարկում է ալբոմ, որը վաճառվում է ամբողջ ախարհում 33 մլն օրինակով:
Խումբը պայմանագիր է կնքում Columbia pictures հեղինակավոր ընկերության հետ: Հաջողությունը կարծես երկնքից թափվում էր այս գեղեցկուհիների վրա: Նրանք ճանաչվեցին բոլոր ժամանակների ամենահաջող կանանց խումբը: Խումբն առաջադրվեց Գրեմմի մրցանակաբախության միանգամից երկու անվանակարգերում: Խմբի երգերից շատերը հիթեր են դառնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում, ինչպես «Independent girl», «Say My Name», «No, No, No» և այլ երգեր, որոնք երկար ժամանակ չէին իջնում հիթ շքերթների բարձր հորիզոնականներից:
Շուտով խմբում սկսվում են տարաձայնություններ. կազմում տեղի են ունենում փոփոխություններ, սակայն դա ոչ մի կերպ չի ազդում խմբի հաջողության վրա: Շարունակվում են նոր ալբոմների թողարկումները, համերգները, շրջագայությունները: Սակայն 2001-ին խումբը հայտարարում է, որ անդամներից յուրաքանչյուրը սկսում է զբաղվել իր առանձին սոլո կարիերայով, բայց որ խումբը չի լուծարվում, ուղղակի ժամանակավորապես դադար է վերցնում: «Ես սիրում եմ Destiny's Child-ը և ես առաջվա պես խմբում եմ: Մենք չենք պատրաստվում բաժանվել, մենք շարունակելու ենք երգեր գրել, ելույթ ունենալ և որ ամենակարևորն է, մնալ խումբ»- հայտարարել է Բեյոնսեն:
Այս ընթացքում Բեյոնսն անգամ ժամանակ չուներ անձնական կյանքի: Եվ ոչ միայն նա, խմբի բոլոր աղջիկներն էլ զրկել էին իրենց այն հաճույքներից, որ վայելում էին իրենց հասակակիցները: «Ես ժամանակ չունեի հանդիպելու տղաների հետ, բակում խաղալու կամ նման բաների, որոնք անում էին իմ հասակակիցները: Բայց ես անում էի մի բան,որ չէին կարող անել նրանք. ես դառնում էի սուպերաստղ»:
Չնայած Բեյոնսեի ակտիվությանը, նա շարունակում էր լինել ամաչկոտ: Իր բեմական, առանց բարդույթների կերպարին Բեյոնսեն անգամ ուրիշ անուն էր տվել' Սաշա և չէր հավատում, որ բեմում անկաշկանդ երգողը կարող է լինել այն համեստ աղջիկը, որ շարունակում էր փողոցում քայլել գլխիկոր: «Ամբողջ կյանքում մի փոքրիկ սիրավեպ եմ ունեցել, որն այնքան էլ լուրջ չէր: Մեր մեջ սեքս չկար, ավելի շուտ ընկերություն էր, քան սեր»,- այսպես է Բեյոնսեն խոսում իր սիրային կարճ պատմության մասին մի տղայի հետ, որը ինչպես պարզվեց, նրանց ընտանիքի բարեկամն էր: Նրանց հարաբերություններին ուշադրություն չէին դարձնում անգամ ծնողները' մտածելով, որ պատանեկան սիրահարվածություն է, կանցնի: Եվ այդպես էլ եղավ:
Destiny's Child խմբի անդամներից յուրաքանչյուրը սկսում է շարունակել իր անհատական կարիերան: Նրանցից, իհարկե, առանձնանում է Բեյոնսեն: Այս անգամ նա որոշեց փորձել իր ուժերը կինոյի ասպարեզում: Նա խաղում է գլխավոր դերերից մեկը Austin Powers 3- The Goldmember ֆիլմում: Քննադատներից շատերը ողջունեցին երգչուհուն այս ասպարեզում' համարելով նրան նաև հաջողակ դերասանուհի: Նա խաղաց նաև «Կարմեն» հիպ-օպերայում և էլի մի շարք ֆիլմերում' հաստատելով իր տեղը հոլիվուդյան աստղերի կողքին: Բեյոնսը միլիոններ էր աշխատում ոչ միայն երգելով, ֆիլմերում խաղալով, այլև հանդիսանալով հանրահայտ ընկերությունների դեմք, ինչպես , օրինակ, L’oreal-ի և Pepsi-ի:
2002-ին հիթշքերթները սկսում է գլխավորել Բեյոնսեի և արդեն աշխարհահռչակ ռեփ երգիչ Jay-Z-ի "Bonnie & Clyde 03" երգը: Սրանից հետո շարունակվում է Բեյոնսեի և երգչի միջև աշխատանքային համագործակցությունը, որը պիտի վերածվեր մեծ ու ռոմանտիկ սիրո: 2003-ին զույգը ձայնագրում է "Crazy In Love" երգը, որն էլ դառնում է նրանց խելագար սիրո սկիզբը: Երգը դառնում է նաև նրանց սիրո հիմնը:
Այսուհետ նրանք անբաժան էին: Բոլոր երեկույթներին, ելույթներին, համերգներին և ուղղակի զբոսնելիս Բեյոնսեին ուղեկցում է Jay-Z-ը, որն այնքան էլ լավ համբավ չունի և մեծ է Բեյոնսեից 12 տարով: Մամուլը սկսեց արագ կերպով արձագանքել այս նորաստեղծ զույգի ամեն քայլին, քննարկել նրանց պահվածքը, հայացքները, գործունեությունը և նույնիսկ սերը: «Մենք երբեք չենք ցանկացել, որ մեր անձնականը քննարկման առարկա դառնա: Դրա համար էլ ոչ ես և ոչ էլ ամուսինս երբեք չենք խոսել մեր հարաբերությունների մասին, չենք հաստատել այն բոլոր լուրերը, որոնք ինչ-որ կերպ հասնում էին լրատվամիջոցներին»,- ասում է Բեյոնսեն: Զույգն իսկապես երկար ժամանակ հերքում էր իրենց լուրջ հարաբերությունների, նշանադրության և այլնի մասին լուրերը: Նրանց հարաբերությունները միշտ խնամքով թաքցված են եղել, և գուցե դա է պատճառը, որ նրանք հազվադեպ զույգերից են, երբ երկու մեգաաստղ նույն ոլորտից երջանիկ են և շարունակում են ամրացնել իրենց հարաբերությունները: Բացի սիրելին լինելուց Jay-Z-ը դառնում է նաև Բեյոնսեի պրոդյուսերը: «Ինձ համար մեր հարաբերությունները նման են առաջին սիրային հարաբերությունների, երբ ամեն ինչ շատ մաքուր է ու պարզ, և ոչ թե հասարակության համար է, այլ սեփական երջանկության»:
Բայց ամունությունն իհարկե չէր կարող լինել հասարակության աչքից հեռու: Կաննի փառատոնի ժամանակ Jay-Z-ն ամուսնության առաջարկություն է անում 25-ամյա գեղեցկուհուն' Բեյոնսեին: Եվ ինչպես ասում են նրանց ընկերները, ռեփերը խոստացել էր այնպիսի մեծ ադամանդով մատանի նվիրել, ինչպիսին միայն կտեղավորվի նրա մատին: Բեյոնսեն իհարկե համաձայնում է: «Ես շատ եմ ուզում Jay-Z-ի կինը դառնալ: Նա հենց այն մարդն է, որն ինձ իսկապես սիրում ու գնահատում է: Կցանկանայի, որ երկու տղա ունենայինք և մեկ աղջիկ»,- պատասխանել է Բեյոնսեն: «Մեր հարսանիքն ամենաուրախ հիփ-հոփ հարսանիքը կլինի շոուբիզնեսի պատմության մեջ»,- հայտարարել էր զույգը:
2008թ. ապրիլի 4-ին Բեյոնսեն և Jay-Z-ը պաշտոնապես համարվեցին ամուսիններ: Հարսանիքը Նյու Յորքում էր' լրագրողների և կողմնակի անձանց աչքից հեռու' ընկերական միջավայրում: Ընտանեկան կյանքը Բեյոնսեին չի խանգարում շարունակել նաև կարիերան: «Հատուկ Jay-Z-ի համար ես սովորեցի համեղ պատրաստել: Մենք կարող ենք միասին պառկել և ժամերով հիմար թոք-շոուներ նայել և ուտել իմ պատրաստած թխվածքաբլիթները: Այո, մենք ուտել շատ ենք սիրում»: Բեյոնսեն դարձավ օրինակ, թե ինչպես կարելի է համատեղել ընտանիքն ու աշխատանքը, լինել ճանաչված, լինել գերաստղ, բայց տանը լինել ուղղակի հոգատար կին:
Մինչև ամուսնությունը Բեյոնսեն թողարկում է մի քանի սոլո ալբոմներ, որոնք անհավանական հաջողություն են գտնում թե տեղական, թե արտասահմանյան շուկայում: 2004-ին Բեյոնսեն միանգամից 5 «Գրեմմի» է ստանում: Նույն տարում էլ նա հիմնում է ընտանեկան հագուստի գիծ' «House of Deron»: Շարունակվում է նրա երաժշտական կարիերան: Բեյոնսեն թողարկում է իր B’Day և I Am …Sasha Fierce ալբոմները: Վերջին ալբոմը ներկայացված էր Գրեմմիի միանգամից 10 անվանակարգերում: Բեյոնսեն դառնում է առաջին սևամորթ երգչուհին և երկրորդ կինը, որը ստացել է «Տարվա փոփ-երգի հեղինակ» մրցանակը Ամերիկայի կոմպոզիտորների խորհրդի կողմից ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ:
Գրեմմի 52-րդ մրցանակաբաշխության ժամանակ Բեյոնսեն ռեկորդ սահմանեց' միանգամից վերցնելով 6 մրցանակ, այդ թվում' նաև «Տարվա լավագույն երգ» անվանակարգում: Ընդհանուր առմամբ նրա ալբոմները վաճառվում են ավելի քան 75 մլն. օրինակով ամբողջ աշխարհում:
2011 թ. օգոստոսի 29-ին MTV Video Music Awards արարողության ժամանակ Բեյոնսեն հայտնում է իր հղիության մասին: 2012-ի հունվարի 7-ին Նյու Յորքի ծննդատներից մեկում Ինգրիդ Ջեքսոն անունով գրանցված Բեյոնս Նոուլզը լույս աշխարհ է բերում Բլյու Կարտեր անունով մի հրեշտակի' Jay-Z-ի պաշտելի աղջկան: Աղջկա կնքամայրը դառնում է Օփրա Ուինֆրին: Այդպիսով ավելի է ամրանում Բեյոնսեի և Jay-Z-ի ընտանիքը, որտեղ երկու համաշխարհային աստղեր շարունակում են ապացուցել իսկական սիրո թեորեմը:
2010թ. թողարկվել է Բեյոնսեի մասին պատմող 60-րոպեանոց ֆիլմ, որտեղ երգչուհին բացահայտվում է նոր տեսանկյունից' որպես 16 «Գրեմմի» մրցանակակիր, «Ոսկե գլոբուս», MTV Video Music Awards և բազմաթիվ այլ մրցանակների արժանացած, ամենաշատ վաստակող կանանցից, ամենասիրված և երջանիկ աստղերից մեկը: Ֆիլմում ցուցադրված է նաև, թե ինչպես է իր ամեն ելույթից առաջ Բեյոնսեն աղոթում և հավատում իր հաջողությանը: «Ես երջանիկ եմ, որովհետև միշտ հավատացել եմ, որ կարող եմ լինել երջանիկ»,- հարցազրույցներից մեկում ասել է Բեյոնսեն:
Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում և ինչ չեմ ուզում այս կյանքում, ինչի եմ ես հասել և ինչի չեմ հասնի երբեք: Քչերն են իմ տարիքում գտել այս հարցերի պատասխանները:
Ես շատ շուտ մեծացա: Վաղ սովորեցի պատասխանատվություն վերցնել այն մարդկանց համար, ովքեր իմ կողքին են, անգամ եթե նրանք ինձնից մեծ են:
Ես համոզված եմ, որ միշտ ինձ հետ կլինեն թե ընտանիքս, թե ընկերներս, որոնք չէին դադարի ինձ սիրել, անգամ եթե ես ոչնչի չհասնեի այս կյանքում:
Ես ընդհանրապես չեմ ամաչում իմ կազմվածքից, ավելին' ես հպարտանում եմ նրանով:
Շատ մեծ ուշադրություն է դարձվել իմ հետույքին և մազերին: Իմ հոգին և տաղանդը, կարծում են, նույնպես արժանի են փառքի:
Մայրս միշտ ոգեշնչում է ինձ, քանի որ նա ուժեղ է, տաղանդավոր: Նա հավատում է, որ երազանքներն իրականանում են, և որ երբեք պետք չէ հանձնվել:
Կա մարդկանց մի տեսակ, որ գիրանում է միայն ուրիշ ուտողներին տեսնելիս: Ցավոք սրտի, ես հենց այդ տեսակին եմ պատկանում:
Ես ցանկանում եմ ցույց տալ կանանց, որ երբ նրանք մայր են դառնում, դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է թողնեք անցյալում: Դուք կարող եք լինել մայր և միևնույն ժամանակ գրավիչ կին Ձեր ամուսնու համար:
Ես հասկանում եմ, որ օրինակ եմ ծառայում հազարավոր երիտասարդ աջիկների և ուզում եմ իդեալական տեսք ունենալ: Ես երբեք տնից դուրս չեմ գա' չստուգելով, թե ինչ տեսք ունեմ: Ես կարող եմ ժամերով նստել հայելու առաջ, մինչև իմ թիմն ինձ դիմահարդարի: Համոզված եմ, որ այդ ամենն իզուր չէ: Չէ՞ որ ամենակարևոր բանն է դուր գալ քեզ շրջապատողներին:
Ես սիրում եմ շփվել աղջիկների հետ, լացել նրանց հետ, հանգստացնել կամ ինքնավստահություն ներշնչել, պատմել կանացի արժանիքների և կանացի ուժի մասին:
Իմ կյանքը երազանք է եղել:
Ինձ շատ հաճելի է լինել կին և ես վայելում եմ դա:
Նելլի Ղարիբյան