ՄԱԿ-ի Էլեկտրակապի միջազգային միությունը (ԷՄՄ) կարծում է, որ 2014թ. վերջին Երկիր մոլորակի վրա ավելի շատ բջջային հեռախոս կլինի, քան մարդ, գրում է BBC-ն։

Համաձայն կանխատեսումների՝ գրանցված հեռախոսների թիվը կհատի 7 միլիարդի շեմը 2014թ. դեկտեմբերին։

Այժմ Երկրի բնակչությունը կազմում է 7.1 մլրդ բնակիչ, իսկ բջջային հեռախոսահամարների թիվը 6.8 մլրդ-ից ավելի է։
ԷՄՄ 2013թ. զեկույցում ասվում է, որ աշխարհի բնակչության մեկ երրորդից ավելին մշտական հասանելիություն ունի բջջային կապի ցանցերին։

«Յուրաքանչյուր օր մենք մոտենում ենք այն պահին, երբ բջջային համարների թիվը հավասարվում է մեր մոլորակի բնակիչների թվին»,- ասել է ԷՄՄ ներկայացուցիչ Բրահիմա Սանուն։

Նրա կարծիքով՝ բջջային հեղափոխությունը նոր հնարավորություններ է ընձեռում զարգացող երկրներում բնակվող մարդկանց՝ կրթության, առողջապահության, կառավարման, ֆինանսների և առևտրի ոլորտներում։

Եվրոպայի բնակչության 75%-ն օգտվում է բջջային կապից և բջջային համացանցից, երկրորդ տեղում են Հյուսիսային և Հարավային Ամերիկաները՝ 61%, Ասիայում՝ 32%-ը, իսկ Աֆրիկայում միայն 16%-ը։