Մոտ մեկուկես ամիս սերիալային դերասան Ալեքսանդր Բաբասյանը կնոջ՝ Լիլիթի հետ Հայաստանում չէր: Զույգը մեկնել էր հանգստանալու և երկու օր առաջ է վերադարձել: esyes.am-ը ներկայացնում է ուշադրությանդ Ալեքսանդրի և Լիլիթի հանգստի բացառիկ լուսանկարներն ու մանրամասները:)

Տասներկու օր Շարմ Էլ Շեյխում անցկացնելուց հետո Ալեքսանդրն ու Լիլիթը գնացել են Մոսկվա՝ Լիլիթի ծնողների մոտ, որտեղ զբաղված էին քաղաքացիություն ստանալու հարցերով: Դերասանից հետաքրքրվեցինք, արդյոք Ռուսաստանի քաղաքացիություն ստանալը պայմանավորված է հետագայում այնտեղ բնակություն հաստատելու ցանկությամբ. «Մշտական բնակության համար ոչ մի երկիր չեմ պատրաստվում մեկնել՝ անկախ պայմաններից: Ես պաշտում եմ իմ երկիրը, իմ Երևանը, իմ Կենտրոնը: Իսկ Ռուսաստանի քաղաքացիություն ուզում եմ ստանալ, քանի որ շատ առավելություններ կան, թեկուզ հենց այն, որ հեշտությամբ կմեկնեմ եվրոպական երկրներ: Հայաստանի քաղաքացիներին դժվարությամբ են վիզա տրամադրում»:

esyes.am-ի հետ զրույցում Ալեքսանդրը հայտնեց, որ ինքն ու կինը Իսպանիա մեկնելու ցանկություն ունեին, սակայն ինչ-ինչ խնդիրներ են առաջացել վիզայի տրամադրման հետ կապված: «Որոշել ենք ամռանը վերջապես մեկնել Իսպանիա ու տեսնել Բարսելոնի պես մեգաքաղաքը: Երկրորդ անգամ դժվար թե մուսուլմանական երկիր մեկնեմ, քանի որ այնտեղ ընդհանուր կարգավիճակը բավականին ցածր էր՝ Եվրոպայի համեմատ,- ասաց Ալեքսանդրն ու հավելեց, որ, այնուամենայնիվ, բավականին լավ տպավորություններ ունի: -Ի վերջո, կարևորն այն է, որ կնոջս հետ էի: Ստացվեց այնպես, որ սա մեր առաջին շրջագայությունն էր միասին»:

Սերիալային դերասանն առաջին անգամ էր Շարմ Էլ Շեյխում: «Ամեն ինչ հետաքրքիր էր, քանի որ առաջին շրջագայության ժամանակ ամեն ինչ հետաքրքիր է այնքանով, որ առաջին անգամ ես տեսնում»,- ասաց Ալեքսանդրն ու նշեց, որ նախկինում ինքը եղել է եվրոպական երկրներում՝ Խորվաթիայում, Մալթայում:
Ալեքսանդրը պատմեց, որ հյուրանոցում, որտեղ հանգստանում էին ինքն ու կինը, հայ մի ընտանիք էլ կար, որի հետ ծանոթությունից հետո հետաքրքիր բացահայտումներ են եղել. «Այդ կինը պատմեց, որ նախորդ տարի իր թոռնուհին մի տղայի էր սիրահարվել ու տանջվում էր. հաց չէր ուտում, ամբողջ ժամանակ փակվում էր իր սենյակում: Ընտանիքի անդամները ոչ մի կերպ չէին կարողանում իմանալ, թե ում է սիրահարված իրենց աղջիկը: Ասում է՝ երեխաս այնքան էր նիհարել, որ իմանայինք այդ տղան ով է՝ ծեծելու էինք: Ամիսներ անց պարզվեց, որ դու ես»:

Ալեքսանդրի փոխանցմամբ՝ այս ընթացքում ինքն ու Լիլիթը բնակարան են ձեռք բերել Բուլղարիայում՝ Սև ծովի ափին: Ինչ վերաբերվում է ընտանիքի համալրմանը՝ սերիալային դերասանը նշեց, որ առայժմ բալիկի չեն սպասում. «Եվրոպա մեկնելու պլաններ ունենք: Առաջիկա ծրագրերում շատ երկրներ կան, որտեղ հանգստանալու ցանկություն ունենք: Հաջորդ տարի կմտածենք փոքրիկի մասին»:
Ալեքսանդրի խոսքերով՝ առաջիկայում նոր հեռուստասերիալում հանդես գալու մի քանի առաջարկ ունի: «Ես արդեն ընտրել եմ, թե որ նախագծի անձնակազմի հետ եմ աշխատելու, սակայն դա դեռ գաղտնիք է»,- ասաց Ալեքսանդրն ու այդ մասին առաջին անդրադարձը «Ես»-ին խոստացավ: