Շանհայի Ֆուդանի համալսարանի գիտնականները բարձրակրունկներ կրելու և օրգազմ ստանալու վերաբերյալ հետազոտություն են անցկացրել, հայտնում է The Sun-ը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Translational Andrology and Urology ամսագրում:

Չինացի գիտնականները հարցում են անցկացրել 1263 կանանց շրջանում: Աղջիկները լրացրել են կոնքի հատակի դիսֆունկցիայի վերաբերյալ հարցաթերթիկներ (միզուղիների անզսպություն, ցավ, սեռական ակտիվության հետ կապված խնդիրներ) և հայտնել, թե ինչպիսի կոշիկներ են նախընտրում կրել: Հետազոտողները հարցվածներին բաժանել են չորս խմբի՝ կախված նրանից, թե կրունկի որ չափն են նախընտրում։

Ինչպես պարզվեց, կանայք, ովքեր նախընտրում են 3-5 սանտիմետրանոց կրունկներով կոշիկներ, ավելի քիչ խնդիրներ ունեն փոքր կոնքի օրգանների հետ կապված, քան մնացածները։ Բարդություն չի առաջացել նույնիսկ կոշիկների երկարատև կրելու դեպքում (ավելի քան ութ ժամ):

Գիտնականների կարծիքով՝ կրունկը թույլ է տալիս լավ վիճակում պահել կոնքի հատակի մկանները։ Իսկ դրանից է կախված ներքին օրգանների ճիշտ աշխատանքն ու օրգազմ ստանալը։