Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը և երգչուհի Գրայմսը (Քլեր Բուշե) իրենց նորածին որդու համար տարօրինակ անուն են ընտրել՝ X Æ A-12: Twitter-ի օգտատերերը սկսել են կատակել, թե ինչպես է երեխայի կյանքը տարբերվելու իր հասակակիցների կյանքից, ինչպես նաև նրան համեմատել են այլմոլորակայինի և ռոբոտի հետ:
Շատերը ենթադրել են, որ տղայի տարօրինակ անունը նրա կյանքում գիտական ֆանտաստիկային բնորոշ տարրեր կավելացնի. օրինակ, օգտատերերից մեկը գրել է, որ տղայի սենյակում գտնվող խաղալիքները նրա հետ քննարկելու են աշխարհակալության հարցերը կամ X Æ A-12-ի մարմինը կլուսարձակի: Երեխային նաև այլ պարանորմալ ունակություններ են վերագրել:
Ավելի վաղ Գրայմսը Twitter-ում բացատրել էր իր որդու անվան իմաստը: Ըստ նրա, X-ը անհայտ փոփոխական է, Æ -ն՝ «արհեստական բանականություն կամ սեր», իսկ A-12-ը ամերիկյան հետախույզ-ինքնաթիռ է: «Մեր սիրելի SR-71 օդանավի նախատիպը: Այն չունի զենք, միայն արագություն, հրաշալի է մարտում, բայց առանց բռնության»,- բացատրել է երգչուհին: