Մարդու օրգանիզմում վիրուսների և բակտերիաների առկայությունը, հնարավոր է, կապ ունի մարդու հիշողության և մտավոր կարողությունների վատացման հետ: Նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի գիտնականները. գրում է Podrobnosti-ն:

Նյու Յորքում գտնվող Կոլումբիական համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները վերլուծել են միջինում 69 տարեկան 1.600 մարդու մտավոր ունակություններն ու հիշողության վիճակը: Մասնակիցները արյան անալիզ են հանձնել տարբեր վիրուսների առկայությունը ստուգելու համար, որոնց թվում՝ սովորական և սեռական օրգանների հերպես, ցինտոմեգալավիրուս, քլամիդիոզ և Helicobacter pylori բակտերիան:

Պարզվել է, որ արյան մեջ ինֆեկցիաների բարձր մակարդակը կապված է մտավոր կարողութունների և հիշողության վիճակի վատթարացման հետ:

Գիտնականները ենթադրում են, որ ինֆեկցիաների ազդեցությունը մարդու ուղեղի վրա դրսևորվում է ոչ միանգամից, այլ վարակվելուց տարիներ անց: Նրանց կարծիքով՝ հիշողությունը լավացնող վարժանքները նման դեպքերում կարող են նվազեցնել հիշողության հետ խնդիրները: