Մայիսի 13-ին հայկական գեղեցկությունը փայլել է հերթական միջաղգային բեմից, այս անգամ՝ Թուրքաիայում կայացած Miss 7 Continents գեղեցկության մրցույթի շրջանակում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր 27-ամյա Անուշ Սահակյանը: Հայ մասնակիցը մրցույթում զբաղեցրել է երրորդ մրցանակային տեղը՝ արժանանալով թագի, ինչպես նաեւ՝ «Լավագույն կազմվածք» տիտղոսին:

Անուշն օրերս է վերադարձել Բոդրում քաղաքից, որտեղ մայիսի 5-ից 13-ն ընկած ժամանակահատվածում անցկացվել է մրցույթը:

Իր տպավորություններով հայ գեղեցկուհին կիսվել է NEWS.am STYLE-ի հետ:

Անուշը մոդելնգով զբաղվում է 18 տարեկանից, իսկ մրցույթին մասնակցելու առաջարկը ստացել է մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ Աշոտ Խաչատրանից:

Հարցին՝ արդյոք մտավախություն չունե՞ր Թուրքիայում Հայաստանը ներկայացնելու հարցում, պատասխանեց

 

«Մտավախություն չունեի, քանի որ 2016 թ-ին Թուրքիայում մասնակցել էի Miss Princess of the Globe մրցույթին՝ արժանանալով Top Model անվանակարգի հաղթողի կոչմանը եւ կրկին Հայաստան էի վերադարձել թագով: Այդպիսով՝ արդեն գիտեի, որ անվտանգությունն այնտեղ բարձր մակարդակով ապահովված է: Դժվարություններ չեն եղել, ամեն ինչ հրաշալի էր կազմակերպված, իսկ մասնակից աղջիկները շատ բարեհամբույր ու հոգատար էին միմյանց հանդեպ: Ձեռք եմ բերել հիանալի ընկերներ, մտադիր ենք հաճախ այցելել միմյանց ու շարունակել մեր ընկերությունը: Մրցույթը միայն հաղթանակը չէ, այն գեղեցիկ է եւ հիշարժան, երբ կարողանում ես հաստատել աղջիկների հետ այնպիսի մտերմություն, որը շարունակական է լնում»:

Ինչ վերաբերում է գլխավոր մրցակիցներին՝ Անուշն այդ դերում տեսնում էր Լատվիայի եւ Թաթարստանի մասնակիցներին, թեպետ մրցույթի հաղթող ճանչվել է Ֆինլանդիայի ներկայացուցիչը:

«Իրականում սպասելիքներս ավելի մեծ էին, սակայն երբ հայտարարվեց Հայաստանի անունը, անկեղծ ժպիտով առաջացա դեպի իմ մրցանակը»:

27-ամյա Անուշը մասնագիտություն է ստացել տուրիզմի ոլորտում՝ անգլերեն լեզվի մասնագետ է, այժմ աշխատում է նաեւ նորաձեւության ասպարեզում: Անուշը ստեղծել է իր սեփական բիզնեսը՝ նկարում է հագուստի վրա:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչ է կատարվում մոդելի անձնական կյանքում եւ ինչպիսի տղամարդուն նա նախապատվությունը կտա, սակայն հարցին ի պատասխան՝ հայ գեղեցկուհին նշեց, որ անձնական կյանքի մասին նախընտրում է չխոսել: