Այսօր դերասանուհին իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի լուսանկար, որտեղ նա գործարար կնոջ կերպորվ է: Փորձեցինք Ելենայից ճշտել, թե արդյո՞ք նա պատրաստվում է գործարար աշխարհ մտնել, թե՞: Իրականում առաջիկա ամիսներին դերասանուհուն հաճախ կտեսնենք բիզնես լեդիի կերպարում, քանի որ նա նկարահանվում է «Շանթ» հեռուստաընկերության նոր՝ «Փոխնակ մայրը» նովելում:

 

«Բիզնես լեդին իմ կերպարի բազմաթիվ կողմերից մեկն է միայն,- նշեց Ելենա Բորիսենկոն,- իրականում իրադարձություններն այնքան բազմաշերտ են զարգանում, որ անընդհատ կերպարիս նոր կողմեր են բացահայտվում: Չեմ ուզում փակագծերը շատ բացել, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի»:

 

Սերիալը, որի առաջին սերիան եթերում կլինի արդեն այսօր երեկոյան՝ ժամը 21:00-ին, առանձնանում է ոչ միայն թեմայի արդիականությամբ, այլև նրանով, որ սցենարը ոչ թե գնված է արտասահմանյան կինոընկերությունից, այլ գրվել է տեղում: Ֆիլմի մտահղացման և սյուժեի հեղինակը Ռոման Մուշեղյանն է, իսկ սցենարի համահեղինակը Էդուարդ Զորիկյանը:

 

«Փոխնակ մայրը» պատմում է փոքր հասակում մորը կորցրած և փոխնակ մայր դարձած կնոջ կյանքի եւ սիրո պատմությունը: Նրան մարմնավորում է դերասանուհի Մարինկա Խաչատրյանը: Նրանից բացի՝ ֆիլմում նկարահանվել են հայտնի այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Տիգրան Ներսիսյանը, Հովակ Գալոյանը, Անահիտ Քոչարյանը, Եվա Բաղդասարյանը, Հայկ Պետրոսյանը, Անի Բայաթյանը և ուրիշներ: