Գիտնական Ռուտ Քեմփբելլը կարծում է, որ ուղեղում գոյություն ունի հայելային նեյրոն, իսկ դա նշանակում է, որ մարդն ավտոմատ կերպով պատճենում է այն դեմքի արտահայտությունը, որը տեսնում է իր դիմաց: Գիտությունն ապացուցել է, որ որքան ավելի հաճախակի եք ժպտում, այնքան ավելի դրականորեն են ձեզ արձագանքում շրջապատողները:

 

Ծիծաղը մեղմում է ցավը: Գիտնականներն ապացուցել են, որ ժպտացողներն ավելի երկար են ապրում: Մենք գիտենք նաեւ անցյալ դարի 80-ականներին իրականացված փորձարկման մասին, երբ ամերիկյան մի քանի հիվանդանոցում «Ծիծաղի սենյակներ» ստեղծեցին: Այդ սենյակներում հավաքեցին հումորիստական գրքեր, աուդիո եւ վիդեոժապավեններ, հումորիստներն էլ հյուր էին գալիս: Արդյունքում հիվանդները սկսեցին ավելի արագ դուրս գրվել, զգալիորեն բարելավվեց առողջական վիճակը, հիվանդների ընդունած ցավազրկողների թիվը նվազեց: Ժպտացեք, ինչքան կուզեք:

 

Միասին ժպտալն ու ծիծաղելն ավելի հետաքրքիր է: Միայնակ մարդիկ ավելի հազվադեպ են ժպտում եւ ծիծաղում: Եվ դա կապված է ոչ միայն կատակների բացակայության հետ: Գիտնական Ռոբերտ Պրովայնը նշել է, որ ծիծաղի միայն 15 տոկոսն է կապված կատակների, նույնիսկ' ապրիլմեկյան ծիծաղաշարժ դեպքերի հետ: Ժպիտը եւ ծիծաղն ավելի հաճախ ի հայտ են գալիս ծիծաղելի որեւէ բանի քննարկման ընթացքում, ոչ թե ընդամենը նայելիս: Մարդը միայնության մեջ ավելի հազվադեպ է ինքն իր հետ զրուցում, քան անծանոթի հետ, որին պատահաբար հանդիպել է Ջիմ Քերրիի մասնակցությամբ նոր ֆիլմի դիտմանը:

 

Կանացի ժպտունությունը բնության կողմից դրված է ուղեղի մեջ: Հնազանդության հակում ունեցող մարդիկ առավել հաճախ ժպտում են նրանց ներկայությամբ, ովքեր իշխում են իրենց: Օրինակ' տնօրենի ներկայությամբ: Իսկ ղեկավարությունը' ընդհակառակը, ժպտում է միայն ընկերական հանգամանքներում: Եվ տղամարդիկ, եւ կանայք ժպտում են աշխատավայրում: Կինը նման պահերին հնազանդ եւ թույլ է երեւում, եթե համեմատենք չժպտացող եւ խիստ տղամարդկանց հետ: Կարծիք կա, որ դա կանանց պատմականորեն ենթակա վիճակի հետեւանքն է: Սակայն արդեն ութ ամսական հասակում աղջիկներն ավելի հաճախ են ժպտում, քան ուժեղ սեռի երիտասարդ ներկայացուցիչները: Գիտնական Նենսի Հենլին կանացի ժպիտը «խաղաղարարի նշան» է կոչում, որն օգտագործվում է ավելի տիրական տղամարդկանց հանգստացնելու համար: Շփման ընթացքում աղջիկները 26 տոկոսով ավելի հաճախակի են ժպտում:

 

Ժպիտ եւ սեր: Հարվարդի հետազոտությունների համաձայն, կանայք ծիծաղում են այն տղամարդկանց վրա, որոնք նրանց դուր են գալիս, իսկ տղամարդկանց ձգում են նման կանայք: Գուցե այդ պատճառով է հումորի զգացումը առաջին տեղերից մեկը գրավում կանանց մեջ տղամարդկանց գրավող որակներում: Տղամարդու կարծիքով, պարտադիր չէ, որ կինն անեկդոտներ պատմի, նույնիսկ ապրիլի 1-ին, բավական է ծիծաղել նրա կատակների վրա: Տղամարդը, որը հումորի զգացում ունի, ավելի գրավիչ է կանանց մեծամասնության համար:

 

Ժպիտ արցունքների միջից: Հոգեբանին հարցրեք եւ նա ձեզ կասի, որ ծիծաղը եւ լացը նման են իրար: Հիշեք, թե դուք երբ եք ծիծաղել շատ ծիծաղելի անեկդոտի կամ ապրիլմեկյան կատակի վրա' այնպես, որ դադարեք վերահսկել ձեզ: Հետո ի՞նչ եք զգացել: Ամբողջ մարմնում թեթեւ ծակոց, ճի՞շտ է: Դա կապված է էնդորֆինների արտազատման հետ, դուք վերելք, ուրախություն եք զգացել: Պոլ Էկմանի կարծիքով, մեզ գրավում են ժպտացող եւ ուրախ մարդիկ, որովհետեւ նրանք կարող են իրոք ազդել մեր նյարդային համակարգի վրա: Ժպտացող մարդու տեսնելով' մենք ժպտում ենք ի պատասխան եւ ուղեղն էնդորֆին է արտազատում: