Աշխարհահռչակ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցայի և «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի հայաստանյան համերգը վերածվեց պարային «ֆլեշմոբի»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգի ընթացքում երկրպագուները հնարավորություն ստացան պարել սիրված արտիստի և նրա խմբի հետ' հենց բեմում:

 

«Իմ հետևում իմ պարային խումբն է»,-կատակեց Էմիր Կուստուրիցան, ով նաև պարային շարժումներ սովորեցրեց երկրպագուներին: Գունեղ համերգի ընթացքում հնչեց կինոերաժշտություն, տարաստեսակ մեղեդիներ ֆոլք–ռոք խմբի երգացանկից:

 

Կուստուրիցան հայկական բեմում նվագեց, երգեց, պարեց ու կատակներ արեց: Հայ երկրպագուները ձայնակցեցին խմբին: Լեփ-լեցուն դահլիճում իսկական տոն էր. երկրպագուները վայելում էին շոուի յուրաքանչյուր վայրկյանը, և մեծ դժվարությամբ բաց թողեցին արտիստներին: 

 

Համերգն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Այն կազմակերպել էր «Մեցցո Փրոդաքշն»-ը:

 

Ավելի վաղ Կուստուրիցան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք էր մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին: Ճանաչված ռեժիսորը ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Կուստուրիցան իր այցի ընթացքում հանդիպեց նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

 

Էմիր Կուստուրիցան եվրոպական խոշորագույն, այդ թվում՝ Կաննի փառատոնի մրցանակակիր է, արժանացել է բազմաթիվ պարգևների: Ռեժիսորը բազմաթիվ հայտնի կինոնկարների հեղինակ է: Բալկանյան կինոյի հանճարը նախորդ տարի տոնեց ծննդյան 60-րդ հոբելյանը: Բացի կինոյում աշխատելուց, Կուստուրիցան հայտնի է որպես «The No Smoking Orchestra» ֆոլք–ռոք խմբի անդամ: