Ամերիկյան Е! հեռուստաընկերության ալիքով եթեր թողարկվող Keeping up with Kardashians (KUWK) հեռուստաշոույի հերթական հաղորդումն անդրադարձել է Քիմ և Քլոե Քարդաշյանների, Քանիե և Նորթ Ուեսթի հայաստանյան ճանապարհորդության երկրորդ և եզրափակիչ մասին:


Հաղորդումն սկսվում է հայկական ռեստորանի տեսարանով, որտեղ քույրերին մատուցում են թարմ թխած լավաշ և բազմապիսի ուտեստներ: Քլոեն որոշում է զանգահարել իրենց կրտսեր քույրերից Քայլիին, որպեսզի շնորհավորի վերջինիս «Վոուգ» ամսագրի շապիկին հայտնվելու համար և ցույց տա թե ինչպես են թխում լավաշը:

 

«Հիշու՞մ ես լավաշը, որ տանն ուտում էինք: Տե'ս, թե ինչպես են այն թխում Հայաստանում», - ասում է Քլոեն զարմանքից ապշած քրոջը, և հեռախոսով ցույց տալիս հայ կանանց կողմից լավաշի թխելու ընթացքը:

 

Ավելի ուշ Գառնի այցելելիս քույրերը ապշում են 13-րդ դարում ժայռի ամբողջական բեկորից ստեղծված հինավուրց եկեղեցուց, իսկ Քանիե Ուեսթին գերվում է հոգևորականի  և տաճարում երգչախմբի հագուստից:

 

«Ես շատ ուրախ եմ, որ Քանիեն մեզ միացել է այս ճանապարհորդությանը, որի ընթացքում մենք հնարավորություն ունենք իմանալ ավելին մեր մշակույթի և պատմության վերաբերյալ: Ես հաջողակ եմ ինձ համարում: Այսպիսով, մեր ճանապարհորդության հաջորդ կետը կլինի Երուսաղեմը, որտեղ մենք պատրաստվում ենք մկրտել մեր դուստր Նորթին», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասում է Քիմ Քարդաշյանը:

 

Հաղորդման մեջ նաև անդրադարձ է կատարվում Քանիե Ուեսթի Կարապի լճի անակնկալ բաց համերգին:

 

«Ես համարյա քնել էի, երբ Քանիեն ինձ տեղեկացրեց, որ հաշված րոպեներ անց բարեգործական համերգ է տալու Երևանում: Ինձ մնում էր արագ վրաս քաշել բլուզը և վազել դեպի այգի, որտեղ արդեն հազարավոր մարդիկ էին հավաքվել»,- նշում է Քիմ Քարդաշյանը:

 

Շարունակելով պատմել Կարապի լճի համերգի մասին` Քիմը նկատում է, որ երբ տեսել է երկրպագուներից մեկին, ով ջուրն էր մտել և մոտենալով երգչին տեսանկարահանում էր, գուշակել է, որ Քանիեի կողմից մի խենթ արարքն անխուսափելի է:

 

Եվ, բնականաբար, դրան հաջորդել է Քանիե Ուեսթի անմոռանալի թռիչքը գարնանային սառը ջրով լի Կարապի լիճ և բացականչությունը. «Ինչպես ասում է իմ կինը` հրաշալի է լինել տանը»:

 

Համերգի հաջորդ առավոտյան, երբ Քարդաշյանները, Քանիեի և Նորթի հետ լքում էին Հայաստանը, Քլոյեն իր զայրույթն արտահայտեց առ այն, որ գիշերը Քիմը չի տեղեկացրել իրեն կայանալիք համերգի մասին, և այդ իսկ պատճառով նա բաց է թողել այդ հրաշալի իրադարձությունը: Եվ դրա մասին իմացել է միայն հաջորդ առավոտ՝ իրենց թիկնապահ Պասկալ Դուվիեյի «Թվիթեր»-ի գրառումից:

 

Երուսաղեմում Քարդաշյան ընտանիքը հանդիպել է Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին:

 

«Քանիեյի հետ միշտ խոսել ենք մեր դստերը մկրտելու մասին, և, լինելով Հայաստանում, որտեղից Երուսաղեմը մոտիկ է, մենք որոշեցինք չհապաղել և մկրտել Նորթին Երուսաղեմի հայկական եկեղեցում», - պատմում է Քիմ Քարդաշյանը:

 

Այնուհետ Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի է ունենում Նորթ Ուեսթի մկրտության արարողությունը, որտեղ կնքմայր էր Քլոե Քարդաշյանը:

 

«Հայաստան և Երուսաղեմ ակցելելն իմ կյանքի ամենաանիմաստալի ճանապարհոդությունն էր: Անսահման երջանիկ եմ ի կատար ածելու մեր հոր երազանքը: Երանի մեր ամբողջ ընտանիքը  հնարավորություն ունենար այդ պահին լինել մեզ հետ», - հաղորդման վերջում հավելում է Քիմ Քարդաշյանը: