ՀՀ նախագահի թեկնածուների, հայկական ու արտասահմանյան շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների, գրողների, դերասանների ծաղրանկարներն այսօրվանից մինչեւ փետրվարի 15-ը կներկայացվեն “Հայ Արտ” մշակութային կենտրոնում: Երիտասարդ նկարիչ Տիգրան Հակոբյանը, նույն ինքը' Tiqs-ը, իր անհատական երկրորդ ցուցահանդեսին ներկայացրել է 41 աշխատանք:

 

Չնայած' նախորդ ցուցահանդեսի ժամանակ ծաղրանկարների հեղինակը մեզ հետ զրույցում խոստացել էր այս անգամ Լեդի Գագային ներկայացնել հայկական ոճում, ցուցասրահի պատերին տարազով երգչուհուն մենք չտեսանք:). “Տեսա, որ նկարիչ ընկերներիցս մեկն այդ գաղափարն արդեն իսկ իրականացրել է ու փորձեցի չկրկնվել. նկարել եմ այլ ոճում' ավելի կենտրոնանալով ոչ թե նրա դիմագծերի, այլ հագուստի դետալների վրա”:

 

Ցուցահանդեսին ներկայացված են նաեւ Էմի Ուայնհաուսի, Սիրուշոյի, Հովհաննես Ազոյանի, Հրաչ Մուրադյանի, Նազենի Հովհաննիսյանի, ինչպես նաեւ Շառլ Ազնավուրի, Սիլվա Կապուտիկյանի, Վահան Տերյանի, Մհեր Մկրտչյանի, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Սալվադոր Դալիի, Ֆրիդա Կալոյի եւ այլոց ծաղրանկարները:

 

Այցելուների ուշադրությունը թերեւս ամենից շատ գրավել են առաջիկա նախագահական ընտրությունների ՀՀ նախագահի թեկանծուներ Սերժ Սարգսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի, Պարույր Հայրիկյանի, Անդրիաս Ղուկասյանի, Հրանտ Բագրատյանի եւ Արամ Հարությունյանի ծաղրանկարները:

 

Tiqs-ը BRAVO.am-ին տեղեկացրել է, որ աշխատանքները ստեղծել է ոչ միայն նկարչական նյութերով, այլեւ սուրճով, մատնահարդարման համար նախատեսված լաքերով, ինչպես նաեւ արյունով.“Իհարկե, ոչ իսկական, այլ ֆիլմերի նկարահանումների համար նախատեսված արյունով:): Կարմիր գույն այլ կերպ էլ է հնարավոր ստանալ, բայց եթե ես այդ պահին ուզում եմ օգտագործել արյուն, ապա պետք է անպայման օգտագործեմ այն”:

 

Մեր հարցին, թե ինչպես է Տիգրանն ընտրում իր աշխատանքների հերոսներին, երիտասարդ նկարիչը պատասխանել է, որ վերջիններս պետք է ինչ-որ կերպ ոգեշնչեն իրեն.“Չեմ նկարում անհետաքրքիր մարդկանց ու չեմ նկարում բոլոր հետաքրքիրներին. եթե զգում եմ, որ ընտրածս հերոսը չի հասկանալու հումորն ու աշխատանքս ընդունելու է որպես վիրավորանք, խուսափում եմ նրան նկարել”:

 

Հայաստանի ժամանակակից արվեստների երիտասարդական միության նախագահ Մանուկ Նիգոյանն էլ մեզ հետ զրույցում ասել է' եթե, այնումաենայնիվ, կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր կվիրավորվեն արված ծաղրանկարներից, խնդիրը պետք է փնտրեն ոչ թե աշխատանքների, այլ իրենց մտածելակերպի ու աշխարհայացքի մեջ: