Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ են կազմակերպվել Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունից, ցուցադրո ւթյուններն անցկացվել են մարտի 13-19-ը:


Սոֆիայում ծրագրի ներկայացումը կազմակերպելու գործընկերների թվում էր և մեծ աջակցություն էր ցուցաբերել Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:

 

Սոֆիայի միջազգային կինոփառատոնում Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված ծրագրում ընդգրկված էր երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը»  և Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Սոֆիայից զատ, ցուցադրություններ են կազմակերպվել նաև Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում:

 

Փառատոնին ներկա է գտնվել և ծրագիրն ու ֆիլմերը ներկայացրել է ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն  Հարություն Խաչատրյանը:

 

«Այլևս երբեք…» ծրագրի վերաբերյալ Հարություն Խաչատրյանը հարցազրույց է ունեցել Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությամբ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների մանրամասները:

 

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 12 տարվա ընթացքում իր ուրույն տեղն է գրավել կինոփառատոների համաշխարհային քարտեզի վրա և ձեռք է բերել կարևոր գործընկերներ: Մեծ ձեռքբերում է, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված ծրագիրն իրականացվում է  միջազգային կինոփառատոների շրջանակներում, ինչն էլ իր հերթին ընդլայնում է հանդիսատեսի շրջանակը:


Մեծ Եղեռնին նվիրված «Այլևս երբեք…»  կինոցուցադրությունների ծրագիրը հաջորդիվ ներկայացվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ֆրանսիայում անցկացվող «Եվրոպա ֆիլմ ակտ«-ը  Եվրոպայի կարևորագույն կինոփառատոներից մեկն է: Այդ փառատոնի շրջանակներում ևս հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր է ներկայացվելու: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերից զատ, կներկայացվեն նաև հայկական կինեմատոգրաֆի այլ նմուշներ:


«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության հետ համագործակցությամբ՝  Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: