Մարտին եթերում կլինի «Տնփեսա» սիթքոմի չորրորդ և վերջին եթերաշրջանը: Այս մասին ESem.am-ին հայտնեց «Արմենիա TV»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

 

 

«Մարտից մայիս կթողարկենք «Տնփեսայի» վերջին եթերաշրջանը, քանի որ մտահղացումն անսահման չէ: Մեր սցենարիստների կարծիքով չորրորդ եթերաշրջանը թույլ կտա մեզ նախագիծն ավարտել առանց անհամացնելու»,- նկատեց նա: Դավթի փոխանցմամբ՝ սիթքոմի նոր եթերաշրջանի նկարահանումները կսկսվեն առաջիկա օրերին և մարտի առաջին տասնօրյակում այն արդեն եթերում կլինի:

 

 

«Տնփեսայի» նոր եթերաշրջանում դուրս կգան Ալինա Մարտիրոսյանի կերտած Էդիտայի և Լուսինե Արշակյանի կերտած Սիլվայի կերպարները: «Իրենց փոխարեն նոր կերպարներ կլինեն: Այդ կերպարները դուրս են գալիս, քանի որ նոր կերպարներն իրենց հետ նոր պատմություն են  բերում, որոնց համար պետք  է տեղ ազատվի: Նոր կերպարի մասնակցության ծավալը պետք է ապահովենք պատշաճ կերպով, ինչը հնարավոր չի լինի հին կերպարներից չհրաժարվելու դեպքում»,- ասաց Դավիթը:

 

 

Նա հայտնեց, որ այժմ նոր դերասանների ընտրության փուլն է. «Թեկնածուները բավականին շատ են: Կարծում եմ՝ կլինեն այնպիսի  մարդիկ, ովքեր եթերում կամ շատ չեն երևացել կամ ընդհանրապես չեն երևացել»:

 

 

«Արմենիա TV»-ի գլխավոր տնօրենի փոխանցմամբ՝ նոր եթերաշրջանը դասական ձևով չի սկսվի: «Թող մանրամասներն անակնկալ մնան, բայց հենց առաջին սերիայում կկատարվի մի իրադարձություն, որը կտրուկ կփոխի բոլոր կերպարների կյանքը: Մեր կարծիքով՝ դա ավելի հետաքրքիր և դիտարժան կդարձնի  չորրորդ եթերաշրջանը»,- եզրափակեց Դավիթը:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը