«X Factor» նախագծի ֆինալիստ Հայկ Հունանյանը լռել չի պատրաստվում. նա արդեն արել է առաջին քայլն ու փետրվարի 14-ին՝ Վալենտինի օրը, երկրպագուներին ներկայացրել իր առաջին երգը՝ «Սիրում եմ քեզ»-ը:

 

 

Այս ստեղծագործության բառերը հենց Հայկն է գրել: «Ծանոթներիցս մեկն ինձ ցույց տվեց իր հեղինակած երաժշտությունը, ես շատ հավանեցի այն: Տանն անընդհատ լսում էի ու պատկերացնում՝ ինչ կարելի է ստանալ դրանից, արդյունքում՝ գրեցի խոսքերը,- ESem.am-ին  ասաց նա ու հավելեց, որ առաջին անգամ էր ստեղծագործելու փորձ անում,- Երաժշտությունը լսելիս խոսքերն ինքնաբերաբար մտքիս եկան ու իրար հետևից շարվեցին: Չէի պատկերացնում, որ նման բան կանեմ. ես երբեք չէի մտածել ստեղծագործելու մասին»:

 

Հայկի խոսքով՝ սկզբում նույնիսկ լուրջ չի վերաբերվել իր գրածին: «Մտածում էի՝ այն չի հնչի: Որոշ ժամանակ անց Անդրեին ասացի, որ արդեն կարելի է նոր երգի մասին մտածել, նա հարցրեց՝ ինչ-որ տարբերակներ ունե՞մ, ես էլ ցույց տվեցի այդ երգը: Մտածում էի՝ գուցե ծիծաղի, սակայն հակառակ մտավախությանս՝ նա շատ հավանեց երգն ու ասաց, որ անպայման ներկայացնեմ այն»,- պատմեց Հայկը ու տեղեկացրեց, որ գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը:

 

 

«Սիրում եմ քեզ»-ի տեսահոլովակը հավաքել է «Շանթ» հեռուստաընկերությունը՝ մինչ այս արված նկարահանումների կադրերով: Ըստ Հայկի՝ գուցե հետագայում նոր տեսահոլոակ նկարահանի այս երգի հիման վրա, գուցե այլ երգ ընտրի տեսահոլովակով ներկայացնելու համար: «Ամենալավ գործերն անկանխատեսելի են ստացվում, այդ պատճառով էլ ոչինչ ասել չեմ կարող»,- նկատեց նա:

 

ESem.am-ի հարցին՝ Անդրեի հետ շարունակո՞ւմ են աշխատել որպես պրոդյուսեր՝ Հայկը պատասխանեց. «Անդրեն շատ ընկերասեր մարդ է և նախագծից հետո էլ չլքեց մեզ: Նա մեծ սիրով շարունակում է աշխատել մեզ հետ և ամեն հարցում աջակցում է ՝ որպես պրոդյուսեր»: Ինչ վերաբերում է Անդրեի հետ զուգերգին՝ Հայկն ասաց, որ առայժմ հստակ որևէ բան ասել չի կարող, սակայն այն անպայման լինելու է:

 

 

Փետրվարի 27-ին Հայկը  և «X Factor» նախագծում Անդրեի թիմից Նարեկ Խաչատրյանը համերգով հանդես կգան երևանյան փաբերից մեկում: «Ինձ ու Նարեկին առաջարկեցին համերգ ունենալ, և մեծ սիրով համաձայնեցինք»,- ասաց երգիչը ու հավելեց, որ կներկայացնեն ինչպես նախկինում կատարած, այնպես էլ նոր «քավերներ»: Բացի այդ, Հայկը կենդանի կատարմամբ կներկայացնի  իր առաջին երգը:

 

Առաջարկում ենք լսել Հայկի առաջին երգն ու մեկնաբանությունների բաժնում գրել կարծիքդ:)

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը