Մեծ աղմուկ հանած «Լեվիաֆան» ֆիլմը, որ ռուս հասարակությանը բաժանել էր երկու մասի, հերթական հաջողությունն է գրանցել: «Ոսկե Գլոբուս»-ում եւ Կաննի փառատոնում ունեցած հաջողություններից հետո ֆիլմը գնահատանքի է արժանացել արդեն հայրենիքում: Մոսկվայում ավարտված «Ոսկե արծիվ» մրցանակաբաշխության ժամանակ Ֆիլմը հաղթել է 4 անվանակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, «Լեվիաֆան»-ի ռեժիսոր Անդրեյ Զվագնիցեւը ճանաչվել է 2014թ. լավագույն ռեժիսոր, ֆիլմի դերասանական կազմը նույնպես հեռացել է միջոցառումից պատվավոր արձանիկներով: Ռոման Մադյանովը ճանաչվել է լավագուն տղամարդ դերասան, Ելենա Լյադովան` լավագույն կին դերասան: Լավագույնն է ճանաչվել նաեւ ֆիլմի մոնտաժը:


Զվագնիցեւը կարծիք է հայտնել, որ այս մրցանակը կազդի «Լեվիաֆան»-ի շուրջ հասարակական կարծիքի վրա: «Սա կինեմատոգրաֆի ոլորտում առկա բազմաթիվ մասնագետների գնահատականն է: Սա մասնագիտական կարծիք է, ինչը շատ կարեւոր է»,- ասել է Զվագնիցեւը` հավելելով, որ չի տխրել այն փաստից, որ գլխավոր մրցանակին` «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է ոչ թե իր, այլ Նիկիտա Միխալկովի «Արեւահարություն» ստեղծագործությունը:

 

«Տխրության որեւէ պատճառ չկա, կա հոգնածություն: Եթե ես ասեմ, թե որ մրցանակն է ավելի կարեւոր «Ոսկե Գլոբուս»-ը, որին ռուսական ֆիլմը 46 տարվա ընդմիջումից հետո երկրորդ անգամ է արժանանում: Կա մրցանակ լավագույն սցենար Կաննի կինոփառատոնում: Սրանք կարեւոր մրցանակներ են: Ես չեմ մտածում մրցանակների կարեւորության մասին: Կա գնահատանք: Իսկ թե որ մրցանակն է կարեւոր, որն է գլխավորը, դա արդեն էական չէ»,- ասել է ռեժիսորը:

 

Ռուս ռեժիսոր Անդրեյ Զվագնիցեւի «Լեվիաֆան» ֆիլմը մեծ աղմուկ է բարձրացրել: 46 տարվա ընդմիջումից հետո ռուսական ֆիլմը արժանացել է «Ոսկե Գլոբուս» մրցանակի: Ֆիլմն առաջադրված է նաեւ «Օսկար»-ի: Սակայն, հայրենիքում ֆիլմը միանշանակ չի ընդունվել: Ռուս հասարակությունը բաժանվել է երկու խմբի: Մի մասը քննադատում է Զվագնիցեւին` անվանելով նրան դավաճան, մյուս մասն էլ շեշտում է, որ ռեժիսորն իր ֆիլմում ներկայացրել է ռուս հասարակությունը, իրական բարքերն ու կառավարության գործունեությունը: Զվագնիցեւը հարցազրույցներից մեկում շեշտել է, որ ի ր ֆիլմերով ցանկանում է ներկայացնել իրական Ռուսաստանը, այն կյանքը, որ կա երկրի ծայրամասում, հեռավոր քաղաքներում:

 

«Դոժդ» հեռուստաընկերությանն էլ նա հայտնել է, որ «Ոսկե Գլոբուս»-ի արժանանալուց հետո քաղաքական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա նրան չի շնորհավորել: