2014-ի նոյեմբերին ամուսնացած դերասան Գևորգ Մանուկյանն Ամանորը դիմավորել է Գյումրիում՝ հայրական տանը՝ կնոջ՝ Աննայի և ծնողների հետ: ESem.am-ը տոնական զրույց է ունեցել դերասանի հետ: Ի դեպ, առաջիկայում կներկայացնենք նաև զույգի սիրո պատմությունը, քանի որ հայտնիները 2015-ին էլ իրենց կյանքի կարևոր իրադարձությունների բացառիկ անդրադարձերը մեզ են վստահում:)

 

 


«Քանի որ մենք նոր ենք ամուսնացել, կարծում եմ՝ ճիշտ չէր լինի ուրիշ տեղ նշել Նոր տարին: Նաև՝ վերջերս ենք վերադարձել Դուբայից, որտեղ վայելել ենք մեր մեղրամիսը և լավ հանգստացել,- ասաց Գևորգը ու հավելեց, որ սիրում է Ամանորը, քանի որ ամեն բան նորից է սկսվում: -Սա նոր սկիզբ է, նոր հնարավորություն, ինչը շատ հաճելի է: Դպրոցում էլ մենք ավելի շատ սիրում էինք տետրի նոր էջից գրել, քան կեսից»:

 

 


Գևորգի խոսքով՝ Ձմեռ պապուն չի հավատում: «Հոգուս խորքում միշտ ձյունանուշիկին եմ հավատացել, դա ավելի լավ տարբերակ է:)»,- ասաց նա՝ նշելով, որ Ամանորի գիշերն անպայման երազանք է պահում:
«Նախորդ տարի գտա ձյունանուշիկիս ու երազանքս էլ արդեն նրա հետ եմ պահել:

 

Իրականում այս տոնի մեջ կա այդ հրաշքի էներգիան: Անկախ քեզնից ուրիշ թրթիռով ես սպասում Նոր տարուն: Դա նրանցից չէ, որ դու ես սպասում, նրանից է, որ բոլորն են սպասում, բոլորի էներգիան միանում է, և տեղի է ունենում այդ հրաշքը»,- նկատեց դերասանը: 2015-ից ակնկալիքները Գևորգը չի ցանկանում բացահայտել: «Սպասելիքներ կան, սակայն որքան դրանք խորն ես պահում, այնքան թանկ են լինում»,- նկատեց նա:

 


Դերասանի կարծիքով՝ հայերը սխալ են նշում Նոր տարին: «Մենք առատությունը տեսնում ենք ուտելու մեջ, ոչ թե հոգևոր արժեքի,- ասաց Գևորգն ու կեսկատակ հավելեց, որ Նոր տարվա մեջ համեղ ուտելն է սիրում: -Սիրում եմ թփով դոլման՝ քամած մածունով, սխտորով, կարագով:)»:

 

 

Ինչ վերաբերում է Ամանորի նախապատրաստական աշխատանքներին՝ Գևորգն ու Աննան ոչնչով չեն զբաղվել, քանի որ մինչև տարեվերջ նրանք եղել են Երևանում և միայն դեկտեմբերի 31-ին են գնացել Գյումրի: «Թազա հարսերին նեղություն չենք տալիս:) Մեր համար ման ենք գալիս,- կատակեց դերասանը, ով շատ գոհ է նախորդ տարուց: -2014 թվականի համար ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝ Շնորհակալ եմ, Աստված: Իմ կյանքի ամենալավ տարիներից էր: Ձեռքբերման, սիրո տարի էր»:

 


ԱՄ'անորյա տրամադրությամբ՝ Ամալյա Հովհաննիսյան