Օրեր անց 2014-ի տիրակալ Ձին կավարտի իր լիազորություններն ու ճանապարհ կտա եկող՝ 2015-ի խորհրդանիշ Այծին: Մինչ այդ ESem.am-ը ընթացիկ Ձիու տարում ծնված հայտնի դեմքերից հետաքրքրվել ու պարզել է, թե ինչո՞վ է առանձնացել տարին իրենց համար, ի՞նչ հաջողություններ ու անհաջողություններ են գրանցել Ձիու օգնությամբ: Այս անգամ զրուցել ենք դերասանուհի Արփինե Իսրայելյանի հետ:

 

 

Ի սկզբանե դերասանուհին նշեց, որ ամեն տարի էլ շատ լավ սպասելիքներ ու ակնկալիքներ է ունենում: «Տարվա սկզբից էլ դրական սպասելիքներ եմ ունեցել Ձիուց»,- ասաց դերասանուհին և նշեց, որ իր տարում գլոբալ փոփոխություններ տեղի չեն ունեցել: Արփինեի խոսքով՝ Ձիուց դժգոհ չէ, թեև ավելի մեծ սպասելիքներ ուներ, քան եղան: «Իմ ծնված տարում և նույն ամսում քույրս բալիկ ունեցավ, ինչի համար շատ ուրախ եմ: Վատ բաներ ևս եղան. տատիկս մահացավ և հոգեբանորեն շատ ծանր տարա այդ փաստը»,-նշեց նա:

 

 

Ըստ դերասանուհու՝ տարին աչքի է ընկել աշխատանքային առաջարկներով: «Այս տարի ստացա ինձ համար շատ հաճելի առաջարկ ու առաջն անգամ  նկարահանվեցի գեղարվեստական ֆիլմում՝ «Իմ փոքրիկ փեսացու»-ում, որի շրջանակներում նոր ընկերներ ձեռք բերեցի ու ծանոթացա լավ մարդկանց հետ: Նշված ֆիլմում կենսուրախ, պայծառ աղջկա էի մարմնավորում. միշտ էլ սպասում եմ այնպիսի առաջարկների, որոնք տարբերվում են նախորդներից: Կարծում եմ՝ ցանկացած դերասանուհի ուզում է տարբեր դերերով ներկայանալ՝ կերպարից չհոգնելու և հանդիսատեսին չհոգնեցնելու համար»,-շեշտեց 24-ամյա դերասանուհին՝ ավելացնելով, որ 2013-ի համեմատ անցնող տարին բուռն ստեղծագործական էր: «Ժամանակավոր դադարից հետո այս տարի սկսեցի նկարահանվել սերիալում»,-նկատեց նա:

 

 

Եկող՝ 2015 թվականից Արփինեն ոչ միայն ստեղծագործական, այլև անձնական սպասելիքներ ունի: «Սակայն, չեմ ցանկանում դրանք բացահայտել. սիրում եմ կատարվելուց հետո խոսել այդ մասին»,- ասաց դերասանուհին:

Նրա փոխանցմամբ՝ դեռ պարզ չէ՝ Ամանորը տանը կանցկացնեն, թե ոչ: Ամեն դեպքում, դերասանուհին եկող 2015-ը ևս բարի ու դրական տրամադրությամբ կդիմավորի:

 

 


Հայտնի Ձիուկի հետ զրուցեց Արևիկ Իսաջանյանը