Դերասան Հայկ Պետրոսյանը, ով հեռուստադիտողներին հայտնի դարձավ «Քաղաքում» հեռուստասերիալում Նարեկի դերակատարմամբ, անցնող՝ Ձիու տարվա ծնունդ է:

 

ESem.am-ը Հայկի հետ ևս զրուցել ու պարզել է, թե ինչո՞վ է առանձնացել իր տարին և որտե՞ղ է պատրաստվում դիմավորել տոները: Ըստ Հայկի՝ Ձիու տարին դիմավորելու առաջին րոպեներից լավ տրամադրություն է ունեցել, քանի որ հենց իր տարին էր: «Կարծես նոր ծնված լինեի, այս տարվա ընդունելությունն այլ էր. գիտակցական կյանքում առաջին անգամ էի զգում, որ հենց իմ տարին է սկսվում»,-ասաց դերասանը:

 

 

Հայկի համար տարվա ամենամեծ ու կարևոր ձեռքբերումը առաջնեկի՝ տղայի ծնունդն էր: «Երբ տղաս ծնվեց, իմ ստեղծած ընտանիքն ավելի ամրապնդվեց: Նա այժմ մեր փոքր ընկերն է. ուր գնանք, ինչ անենք, մեզ հետ է ու կարծես հասկանում է դա. մեզ նեղություն չի տալիս,-շեշտեց դերասանը և հավելեց,- շատ ուրախ եմ, որ նա իմ տարում է ծնվել»:

 

Հայկի խոսքով՝ իր տարում հնարավորություն ունեցավ նաև բացել սեփական դերասանական ստուդիա, որի ճակատագիրը, սակայն, պարզ կլինի հունվարից հետո: «Հունվարին պարզ կլինի, ստուդիան շարունակո՞ւմ է գործել, թե՞ ոչ, քանի որ այս պահին հստակ չեմ կարող ասել՝ արդյոք կկարողանամ համապատասխան ժամանակ տրամադրել դրան»,- ասաց նա:

 

 

Տարվա ընթացքում Հայկի համար ուրախալի էր նաև Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում երեխաների համար հայկական առակներ ներկայացնելը: «Հայ առակագիրների գործերով մանկական ներկայացում էր կազմակերպված, որի ընթացքում ներկայացնում էինք առակագիրներին, իսկ վերջում կենդանի շփում ունեինք երեխաների հետ»,- նշեց Կամերային երաժշտական թատրոնի դերասանը:

 

Հայկը, ով բավականին գոհ է Ձիուց, նշեց նաև, որ այս տարի դերասան Արմեն Մարգարյանից առաջարկ է ստացել մասնակցելու «Ռոմեո Ջուլիետ» նոր ներկայացման համար անցկացվող քասթինգին, ինչից հետո ընդգրկվել է ստեղծագործական կազմում: Նրա խոսքով՝ ներկայացումը  հավանաբար մյուս տարի պատրաստ կլինի:

 

 

Անդրադառնալով առաջիկա տոներին՝ Հայկը նշեց, որ առաջարկ էր ստացել Ամանորին որպես հանդիսավար ներկայանալ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում, սակայն հրաժարվել է: «Եղբայրս այս տարի երկրում չէ, իսկ հայրս չի սիրում Նոր տարվա գիշերը տան միակ տղամարդը լինել, այդ իսկ պատճառով մերժեցի առաջարկը և Ամանորի գիշերը տանը կլինեմ,-նշեց նա և ավելացրեց, որ  Այծի տարուց մեծ սպասումներ ունի: -Նախ ցանկանում եմ, որ անձնական կյանքիս հետաքրքրությունը կրկնապատկվի, առողջ լինեն ընտանիքիս բոլոր անդամները: Նաև շատ եմ ուզում, որ դերասանական արվեստում լուրջ վերաբերվեն այս գործին, որովհետև հավատում եմ, որ ազգն ու հայրենիքը պահում է մշակույթը: Այնպես որ, պահանջում եմ, որ մշակույթի գնահատումը մեր բոլորի կողմից լինի առավել բարձր»:

 

 

                                                                                               Հայկի հետ տարին ամփոփեց Արևիկ Իսաջանյանը