Հայաստանը «Ռիգա Սիմֆոնիա-2014» մանկապատանեկան երգի ամենամյա միջազգային մրցույթ-փառատոնից վերադարձել է հինգ մրցանակով: Դեկտեմբերի 4-8-ը Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում կայացած իրադարձությանը հանդես է եկել 200 մասնակից` 18 երկրից: Մրցույթ-փառատոնին մասնակցել են Երևանի մշակույթի պետական քոլեջի և «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցի չորս սաները, ովքեր տարբեր տարիքային խմբերում արժանացել են մրցանակների:


Մերի Ավետիսյանը «Միջազգային հիթ» անվանակարգում» արժանացել է Գրան պրի մրցանակի, Հարություն Մկրտչյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակի և ոսկե մեդալի, Վահագն Կարապետյանը «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն» անվանակարգում՝ 1-ին մրցանակի և ոսկե մեդալի, Հովսեփ Աբրահամյանը «Միջազգային հիթ» անվանակարգում՝ 2-րդ մրցանակի և արծաթե մեդալի: Մերի Ավետիսյանը ստացել է նաև «Ռիգա Սիմֆոնիա-2014» երգի մանկապատանեկան միջազգային մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակը` Գրան պրին:


Պրոդյուսեր, երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն, «Դո-Ռե-Մի» վոկալ ստուդիայի գեղարվեստական ղեկավար Նադեժդա Սարգսյանը դեկտեմբերի 11-ին հրավիրված ասուլիսում ընդգծեց, որ քոլեջի և ստուդիայի սաները պարբերաբար մասնակցում են տարբեր մրցույթների:

 

«Հայ մասնակիցները պարբերակաբար մրցանակային տեղեր են զբաղեցնում: Միայն կարող եմ հպարտանալ: Ուսման ժամանակ մեր երեխաներն իրենց լավ են դրևսորում, չորս հոգով գնացել են ու հինգ մրցանակ բերել: «Ռիգա Սիմֆոնիա-2014»-ն ամենամյա մրցույթ է, որին այս տարի մասնակցել են 18 երկրների 200 մասնակիցներ: Այնքան ուրախ եմ, որ խոսքեր գտնել չեմ կարողանում»,-«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Նադեժդա Սարգսյանը: Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ առաջին տիկնոջը, վարչապետին, մշակույթի նախարարին աջակցության համար:

 

Քոլեջի փոխտնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանն ընդգծեց, որ մրցույթի ժյուրիի կազմում եղել են տարբեր երկրների ներկայացուցիչներ: «Ժյուրիի կազմում եղել է ներկայացուցիչ նաև Հայաստանից: Մրցույթը բավականին մեծ հեղինակություն ունի: Առաջին օրը բոլոր մասնակիցներին ընդունեց Ռիգայի քաղաքապետը, մեր ազգային ուտեստներն էլ ենք այնտեղ ներկայացրել, վարպետության դասերի ենք մասնակցել: Լրատվամիջոցները կենտրոնացած էին Հայաստանի վրա, լուսաբանում էին մեզ»,-նշեց Վրեժ Կիրակոսյանը:

 

Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանող Մերի Ավետիսյանն ընդգծեց, որ մրցույթի ընթացքում մասնակցել է վարպետության դասերի, էքսկուրսիաների, որոնք ճանաչողական բնույթ էին կրում: «Մեկ երգով միանգամից երկու մրցանակ եմ ստացել: Կատարել եմ Ջեյմս Բրաունի «This is a man's world երգը»,-նշեց նա:


Հարություն Մկրտչյանն էլ նշեց, որ սա իր առաջին մրցույթն էր և առաջին մրցանակը: «Կարևորը հաղթանակը չէր, կարևորը մասնակցությունն էր, որպեսզի փորձ ձեռք բերեի մեծ բեմում»,-նշեց նա:

Պատանիները հրավերներ են ստացել մասնակցելու այլ երկրների փառատոններին: Նախնական հրավերներ կան Իտալիայից, Բուլղարիայից, Լեհաստանից և այլ երկրներից:

 

«Ռիգա Սիմֆոնիա-2014» մրցույթ-փառատոնը կազմակերպել էր մանկական երաժշտության եվրոպական կենտրոնը: Այն անցկացվել է «Ակադեմիական երգեցողություն», «Միջազգային հիթ», «Ժողովրդական/ազգագրական երգեցողություն», «Հեղինակային երգ», «Լատվիացի կոմպոզիտորի ստեղծագործություն» անվանակարգերում: Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված է եղել Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենի տեղակալ և «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության տնօրեն, երգիչ Վրեժ Կիրակոսյանը: