Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը գլխավորել է ԱՄՆ-ի ամենաառատաձեռն միլիարդատերերի ցուցակը, որը հրապարակել է Forbes հանդեսը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Հրատարակության տվյալներով՝ անցյալ տարի Գեյթսը բարեգործական նպատակներով ծախսել է 2,65 մլրդ դոլար: Միջոցների մեծ մասը նա նվիրաբերել է մալարիայի, պոլիոմելիտի և այլ վտանգավոր հիվանդությունների դեմ պայքարելու համար: Մասնավորապես, 50 մլն դոլար ուղղորդվել է ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի ստեղծման միջազգային նախաձեռնության աջակցմանը: Forbes-ի վարկածով՝ Գեյթսը, որի կարողությունն այժմ կազմում է 81,2 մլրդ դոլար, արդեն 21 տարի անընդմեջ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդն է, իսկ այս տարվա մարտին հանդեսը նրան ճանաչել է նաեւ մոլորակի ամենահարուստ մարդը:

 

Իր կյանքի ընթացքում Microsoft-ի համահիմնադիրը բարեգործական տարբեր կազմակերպությունների նվիրաբերել է ավելի քան 30 մլրդ դոլար, ինչը կազմում է նրա ներկայիս կարողության գրեթե 40 տոկոսը:

 

Ամանաառատաձեռն ամերիկացի միլիարդատերերի ցուցակի երկրորդ հորիզոնականն զբաղեցնում է ներդրող Ուորեն Բաֆետը: 2013 թվականին նա բարեգործական նպատակներով ծախսել է 2,63 մլրդ դոլար: Եռյակը եզրափակում է Լեոնարդ Լաուդերը՝ ամերիկյան «Էստե Լաուդեր» կոսմետիկական կայսրության ժառանգորդը: Անցյալ տարի նա Նյու Յորքի Մետրոպոլիտեն-թանգարանին է նվիրել կուբիստների 78 կտավներ, նկարներ ու քանդակներ՝ 1,1 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Լաուդերի հավաքածուում տեղ են գտել Պաբլո Պիկասոյի 33, Ժորժ Բրակի 17, Խուան Գրիսի 14 եւ Ֆեռնան Լեժեի 14 գործեր:

 

Բարեգործ միլիարդատերերի ցուցակի չորրորդ տեղում Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն է: Անցյալ տարի նա Սիլիկոնային հովտի հիմնադրամներից մեկին 991 մլն դոլար է փոխանցել սոցցանցի բաժնետոմսերի տեսքով: Այդ փողերը հիմնականում օգտագործվել են բարեգործական տարբեր ծրագրերի համար:

 

Forbes-ի վարկանիշի հինգերորդ տեղն զբաղեցնում է ֆինանսիստ Ջորջ Սորոսը (734 մլն դոլար): Միջոցների մեծ մասը նա ավանդաբար տրամադրում է իրավապաշտպան կազմակերպություններին, հաղորդել է Իտառ ՏԱՍՍ-ը: