Բրիտանական Pink Floyd խումբն իր The Endless River վերտառությամբ նոր ալբոմը կթողարկի նոյեմբերի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է խմբի կայքում: Ավելի վաղ նշվում էր, թե ալբոմը լույս կտեսնի արդեն հոկտեմբերին:

 

Դա կլինի առավելապես գործիքային ալբոմ: Դրանում կընդգրկվի միայն մեկ՝ Louder Than Words երգը, որի տեքստը գրել է խմբի ղեկավարներից մեկի՝ Դեւիդ Գիլմորի կինը՝ Փոլի Սեմսոնը:

 

Նոր ալբոմի հիմքում կլինեն 1993 թվականի ձայնագրությունները, որոնց մի մասը մեկ տարի ավելի ուշ տեղ են գտել The Division Bell-ում: Դա Pink Floyd-ի առաջին ալբոմը կդառնա վերջին 20 տարվա ընթացքում:

 

Խմբի վերջին ստուդիական ալբոմը՝ The Division Bell-ը, հրատարակվել է 1994 թվականին, որից հետո խումբը ցրվել է: 2005 թվականին խումբը վերամիավորվել է Live 8 շոուում ելույթ ունենալու համար: 2014 թվականին Pink Floyd-ը նշել է The Division Bell-ի ստեղծման 20-ամյակը՝ թողարկելով այդ ալբոմի հոբելյանական բոքս-սեթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: