Հասարակությունը ճանաչում է Խորեն Աբրահամյանի երկու թոռներին՝ Խորեն և Արսեն Լևոնյաններին: Թե՛ Խորենը, թե՛ Արսենը թատրոնում են մեծացել, սակայն մոր՝ դերասանուհի Թամարա Աբրահամյանի խոսքով՝ երկու եղբայրները շատ տարբեր են: Ասում է՝ Արսենն անհամեմատ ավելի չարաճճի էր, Խորենը՝ զուսպ: Սակայն անկախ տարբերությունից, ըստ տկն Թամարայի, որդիները շատ համերաշխ են եղել: «Խորիկը շատ բարի էր ու հոգատար փոքրի նկատմամբ, Արսենն էլ լսում էր նրան՝ որպես մեծի, խոնարհ էր ու ենթարկվում էր եղբորը»,- ասաց դերասանների մայրը:

Խոսելով Խորենի մասին՝ մայրը նշեց, որ նա շատ խելոք երեխա էր: «Խորիկը շատ կոկիկ, չափված-ձևված, հոգատար և ուշադիր էր: Երբ նրան ասում էին մի բան արա, շատ կոկիկ էր դա անում: Մի անգամ հանձնարարել էի փոշիները մաքրել, ու դա արել էր ամենայն մանրամասնությամբ,- ասաց դերասանի մայրն ու հավելեց, որ որդուն նման գործերի հաճախ չի դրել, սակայն մի դեպք էլ հիշեց,- արդեն մոտ 15-16 տարեկան էր, մի անգամ մայրաքաղաքային աղցանի մթերքներն այնքան համաչափ էր կտրատել, կարծես քանոնով գծած լիներ»:

Որպես ավագ եղբայր՝ նա հաճախ հոգ է տարել Արսենի մասին: «Երբ Արսենը փոքր էր, գնում էինք հանգստանալու, ասում էինք՝ Խորի՛կ ջան, երեխային նայիր, նա չէր խաղում, շատ ուշադիր ման էր գալիս եղբոր հետևից: Մի անգամ գիշերը քնից արթնացավ, վազելով եկավ, ասում է՝ Արսենն ո՞ւր է: Այնքան ուշադիր ու հոգատար էր, որ քնի մեջ իրեն թվացել էր, թե Արսենին ինչ-որ բան է պատահել,- նշեց մայրն ու որդու ուշադրության հետ կապված մեկ այլ դեպք էլ հիշեց,- նա կարող էր մեքենայով խաղալ, սակայն ուշադիր լսել՝ ինչ ենք խոսում. դերասանին հատուկ «երրորդ աչք» մանկուց ուներ»:

Թեև Խորենն ավելի խելոք է եղել, մանկական «քաջագործություններ» ինքն էլ է արել. այրել է մահճակալի ծայրը: «Ինքն ու Արսենը ցերեկները միշտ քնում էին: Մի անգամ պառկացրել էի, կարծում էի՝ երկուսն էլ քնած են, մեկ էլ Խորենը (այդ ժամանակ հինգ տարեկան էր) դուռը բացեց, վազելով եկավ, ասաց՝ պապա, «պակրիվալը» վառվում է: Պարզվեց՝ լուցկի էր վերցրել, վառել էր, փչել, վառել, փչել, մի անգամն էլ չէր հասցրել փչել ու կրակ էր կպել: Շատ էր վախեցել, բայց զարմացել էր, որ հայրը չբարկացավ իր վրա. ինքն  այնպիսի վիճակում էր, որ ավելորդ էր բարկանալը»,- ասաց տկն Թամարան:

Ըստ նրա՝ Խորենը շատ լավ է սովորել դպրոցում, ծնողները նրա հետ խնդիրներ չեն ունեցել: «Շատ կարգապահ, ընդունակ ու գերազանցիկ էր մինչև ութերորդ դասարան: Քնելուց առաջ միշտ կարդում էր, ավելի լուրջ էր,- ասաց մայրն ու ավելացրեց, որ որդին նաև ջենթլմեն էր: -Խորենն էլ է ջիգյարով, բայց Արսենը ցույց է տալիս, նա՝ ոչ: Խորենը կարող է ուղղակի մի բան անել, ու դու զգաս, որ նա ջիգյարով է, մտածում է, ցավում»:

Տկն Թամարայի խոսքով՝ Խորենի որդին՝ Արմենը, նման է հորը, նրա պես խելոք երեխա է:


Ես շատ չարաճճի եմ եղել :) Ամալյա Հովհաննիսյան