Աշխարհի ամենախոշոր երկնագույն ադամանդը Ժնևի աճուրդում վաճառվել է 23,8 մլն դոլարով: 13,22 կարատ քաշով քարը վաճառվել է Christie's-ի կազմակերպած աճուրդում: Գնորդը ոսկերչական զարդերի ամերիկյան արտադրող Հարրի Ուինսթոնն է, որը փոխել է թանկարժեք քարի անվանումը և այն կոչել Winston Vivid Blue (Ուինսթոն վառ երկնագույն):

 

Ադամանդը դասվում է Flawless մաքրության կատեգորիային, այսինքն՝ բացարձակ անթերի է:

 

Երկնագույն ադամանդի մեկ կարատի համար վճարված գնով Winston Vivid Blue-ն գերազանցել է համաշխարհային ռեկորդը, որը մեկ տարի առաջ սահմանվել էր Լոնդոնի աճուրդում:

 

Դրա հետ մեկտեղ այդ գույնի ադամանդի համար վճարված գումարը ռեկորդային չի դարձել: Ամենաթանկը շարունակում է մնալ 17-րդ դարի «Վիտելսբահ» պատմական ադամանդը: 35,56 կարատ քաշով երկնագույն քարը Christie's-ի՝ 2008 թվականի դեկտեմբերին Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 24,3 մլն դոլարով: