Հոգեբանները պարզել են, որ ամուր ընտանիք ունենալու համար պետք է լուծել հոգեբանական մի քանի խնդիրներ: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ դրանք ընդամենը 9-ն են: Պարզապես ամուսնական ողջ կյանքի ընթացքում չի կարելի անտեսել դրանցից ոչ մեկը և մշտապես պետք է աշխատել այդ 9 ուղղություններով:

 

Օրեր առաջ փողոցում հանդիպեցի մանկությանս ընկերուհուն: Նա իր փոքրիկի հետ էր: Պատմեց, որ բաժանվել է ամուսնուց: Դա ինձ շատ զարմացրեց, որովհետև հիշողությանս մեջ դեռ թարմ էր նրանց ռոմանտիկ սիրո պատմությունը: «Պարզվեց, ամուսնական կյանքն այնքան էլ հեշտ բան չէ,- դժգոհեց ընկերուհիս ու շարունակեց,- ես ամեն ինչ անում էի, որ և՛ ինքս գոհ լինեի, և՛ հաճելի պայմաններ ստեղծեի նրա համար: Բայց նա միայն դժգոհում էր: Չնայած մեր հետաքրքրությունները տարբեր էին, բայց ես, ասենք, համբերությամբ լսում էի, երբ նա մի քանի ժամ միայն տեխնիկայի նորություններից էր խոսում, իսկ նա ինձ ծաղրում էր, որ երբեմն առօրյա հոգսերից ցրվելու համար սերիալ էի նայում: Միակ մարդը, ով ինձ հասկանում է, մայրս է: Դրա համար էլ հաճախ էի ծնողներիս մոտ գնում, որ մի քիչ ցրվեի: Հետո, մեր ֆինանսական վիճակն էլ այնպիսին չէր, որ ինքնուրույն կարողանայինք բոլոր հարցերը լուծել: Մե՞ծ բան էր, որ մեկ-մեկ էլ ծնողներիս տանը ճաշեինք: Բայց նա ամեն անգամ դրա համար իսկական պատերազմ էր սարքում: Էլ չեմ ասում ինտիմ կանքում ծագած դժվարությունների մասին: Դա ինձ համար արդեն ոչ թե հաճույք էր, այլ իսկական տառապանք: Մանավանդ երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ իրար խառնվեց: Ողջ օրվա մեջ գոնե մի սիրալիր խոսքի չէի արժանանում, իսկ գիշերը պարտավոր էի նաև ամուսնական պարտականությունս կատարել: Ա՜խ, ճիշտ ես ասում, սկզբում ամեն ինչ ուրիշ էր, ռոմանտիկ ու սիրուն: Երևի վարդագույն ակնոցով էի կյանքին նայում: Ես էլ չգիտեմ, թե ուր կորավ այդ սերը,- ամփոփեց նա:

 

Ահա այն դեղատոմսը, որը կօգնի ստեղծել կայուն ընտանիք:

 

1. Հասունություն

 

Ամուսնական դաշինք կնքելիս պետք է հասկանալ, որ դուք արդեն հասուն մարդիկ եք և ստեղծում եք ձեր սեփական ընտանիքը, որը զգացմունքային առումով պետք է կարողանաք անջատել ձեր մանկության ընտանիքից, այսինքն ազատվել մայրիկի և հայրիկի հովանավորությունից, ինքնուրույն ու հաստատուն կանգնել սեփական ոտքերի վրա, լիովին նվիրվել ձեր նորաստեղծ ընտանիքի կառուցման գործին, որն ունենալու է իր սեփակա՛ն օրենքներն ու կանոնները: Դա ամենևին չի նշանակում, թե դուք պետք է կտրվեք ձեր ծնողներից: Ընդհակառակը, նրանց հետ ամուր կապեր պահպանելով՝ միաժամանակ պետք է կարողանաք լինել միանգամայն ինքնուրույն: Այսինքն՝ պետք է տեղի ունենա հարաբերությունների վերաիմաստավորում:

 

2. Հավասարակշռություն

 

Երջանիկ ընտանիքներում գոյություն ունի դժվար ձեռք բերվող, բայց շատ կարևոր հավասարակշռություն ընդհանուրի և անձնականի միջև: Պետք է կարողանալ ընտանեկան նավի ղեկն այնպես պահել, որ այր և կին, լինելով մեկ մարմին, միաժամանակ չկորցնեն իրենց անհատականությունը: Յուրաքանչյուրն իրեն ընտանիք կոչվող ամբողջական մարմնի մի մասնիկը պետք է զգա, սակայն դրա համար ստիպված չլինի ճնշվել կամ կաշկանդվել: Մի խոսքով, պետք է զուգահեռաբար շարժվել երկու ուղղությամբ՝ միավորվել, ստեղծել ընդհանուր դաշտ, միաժամանակ չանցնելով անձնականի սահմանները և պահպանելով յուրաքանչյուրի ինքնությունը: