Այո՛, այո՛, ուժեղ սեռը նույնպես հակված է դեպրեսիաների և հոգեբանական խնդիրների։ Եվ եթե մենք՝ կանայքս, դեպրեսիայից ազատվում ենք խանութներում, գեղեցկության սրահներում կամ ընկերուհիների հետ զրուցելով, ապա տղամարդկանց համար միակ «ընկերն» այս պարագայում դառնում է ալկոհոլը։ Տղամարդիկ նույնիսկ չեն ցանկանում ընդունել, որ իրենք որևէ խնդիր ունեն, առավել ևս՝ որևէ մեկի օգնության կարիքը նման իրավիճակից դուրս գալու համար։ Դու գործի ես դնում քո ողջ նրբանկատությունը, սակայն ապարդյուն...
Մի՛ վհատվիր, Cosmo-ն բացահայտել է, թե ինչ է հարկավոր տղամարդկանց. ճշմարտությունն անմիջապես տղամարդկանց շուրթերից։
1. Օգնիր նրան լիցքաթափվել
Ծանր օրից հետո յուրաքանչյուր տղամարդ երազում է հարմարավետ բազմոցի, տաք ծածկոցի և անդորր երեկոյի մասին։ Իսկ երբ այդ ամենին գումարվում են նաև հեռակառավարման վահանակն ու սիրելի հաղորդաշարը մենության մեջ դիտելու հնարավորությունը, դեպրեսիան ու վատ տրամադրությունը սկսում են նահանջել։
Արմեն 24 տ.
2. Քաջալերիր նրան
Ինքնասիրությունը շոյող որևէ գովասանք լսելն անմիջապես ազդում է մեր ինքնագնահատականի վրա՝ ստիպելով մեզ գիտակցել մեր կարևորությունն ու ուժը։ Ուստի երբ տեսնում ես, որ նա ընկճված է, գովեստի խոսքեր ասա։ Թող դա վերաբերի փոքրիկ բաների. ինձ, օրինակ, միշտ հաճելի է լսել, որ ես միակն եմ, ով նման վարպետությամբ է բացում պահածոների տուփը։ Տղամարդկանց դուր են գալիս նման գովեստները։
Հայկ, 31 տ.
3. Զարմացրու նրան
Եթե նրա մոտ դժվար ժամանակներ են, անհոգ ժամադրություն նախաձեռնիր։ Կինս մի անգամ ինձ հրավիրեց ակումբ, որտեղ ելույթ էր ունենալու իմ սիրած խումբը։ Մենք հրաշալի երաժշտություն վայելեցինք, գինի խմեցինք, զբոսնեցինք գիշերային Երևանով... Հավատացեք, այդ ամենից հետո կյանքն ինձ համար նոր գույներ ստացավ։
Կարեն, 28 տ.
4. Անձնական տարածք տուր նրան
Հրաշալի է, երբ կինը գիտակցում է, որ ժամանակ առ ժամանակ մենք ինքներս մեզ հետ մնալու և մտածելու կարիք ունենք։ Երբ նա խոսելու ցանկություն չունի, հանգիստ թող նրան։ Որոշ ժամանակ անց նա ինքը կփնտրի քո ընկերակցությունը։
Կարեն, 34 տ
5. Կերակրիր նրան
Ողջ երեկո նա փակված է աշխատասենյակում և սրտնեղում է, որ չի՞ հասցնում նոր նախագիծը։ Սենդվիչներ պատրաստիր նրա համար։ Սակայն մատուցելուց առաջ դրանք տաքացրու միկրոալիքային վառարանում։ Սենդվիչների «ջերմությունը» կջերմացնի նաև նրա հոգին՝ ստիպելով մտածել, որ ինքը սիրված է։
Գևորգ, 26 տ.
6. Խոսիր նրա հետ
Մենք խոսել չենք սիրում, առավել ևս՝ մեր խնդիրների մասին։ Սակայն երբեմն մենք էլ լսված ու հասկացված լինելու կարիք ունենք։ Ուստի երբեմն ավելի ուշադիր եղիր նրա ակնարկների հանդեպ և զրույցի բռնվիր նրա հետ. գուցե նա ցանկանում է հոգին բացել քո առջև, սակայն սպասում է քո նախաձեռնությանը։
Ֆելիքս, 30 տ.
7. Ընթրիք կազմակերպիր նրա ծնողների հետ
Ընտանեկան մթնոլորտը մեզ տեղափոխում է մանկություն, արթնացնում հաճելի հիշողություններ։ Իսկ մայրիկի և հայրիկի հետ շփումը ցանկացած տարիքում քեզ հաղորդում է ինքնավստահություն ու հարմարավետության զգացում։ Հարազատների հետ ընթրիքը կարող է կտրել նրան տհաճ մտքերից ու նոր լիցքեր հաղորդել։
Արամ, 34 տ.
8. Կրկնապատկիր ուշադրությունդ
Երբեմն մենք ցանկանում ենք լինել կամակոր ու քմահաճ, մի խոսքով՝ երեխա դառնալ։ Եվ այդ ժամանակ մեզ ամենից շատ հարկավոր են ձեր ուշադրությունն ու աջակցությունը։ Նա նյարդային է և անտանելի՞. սանձահարիր նրան քո ուշադրությամբ ու քնքշությամբ։
Դավիթ, 27 տ.
9. Խենթացրու նրան քո հմայքով
Մեզ միշտ դուր է գալիս մեր կողքին տեսնել հմայիչ ու գեղեցիկ կնոջ։ Գեղեցիկ կինը տղամարդուն ինքնավստահություն է հաղորդում, մղում նորանոր սխրանքների ու բարձունքների։
Արմեն, 22 տ.
10. Պարզապես սիրիր նրան
Այո՛, պարզապես սիրիր նրան՝ իր վատ տրամադրությամբ, դեպրեսիայով հանդերձ։ Ցույց տուր, որ դու իր կողքին ես միշտ, ցանկացած իրավիճակում, անկախ նրանից՝ ինքը գտնվում է փառքի բարձունքին, թե հուսահատ է և ընկճված։
Լևոն, 35 տ.