Հաղորդավարուհի, «Օրանժ» ֆիթնես ակումբի PR մենեջեր, «Սիրուշո փրոդակշնի» տնօրեն ու Սիրուշոյի մենեջեր. և այս բոլորը մի մարդու' Արևիկ Ուդումյանի մասին է, ում աստղը միշտ ժպտում է,և, ինչպես եվրոպացի գրողները կասեին, աղջիկ, ով ծնվել է արծաթե շապիկը հագին :) Առաջին հայացքից' որքան էլ դժվար է պատկերացնել անգամ, որ անհնար է բոլոր այս աշխատանքները համատեղել, միևնույն է, Արևիկը հմտությամբ կարողանում է պահպանել ունեցածը և, ով գիտե, թե ապագայում էլ դեռ ինչ աշխատանքներ կստանձնի: Արևիկի աղջկական զբաղմունքների, ընտանիքի, հոնորարների ու աշխատանքների մասին' մեր այս հարցազրույցում:

Ծննդյան օր, ամիս, տարի' 13.01.84թ.
Ծննդավայրը' Երևան
Քույր, եղբայր' երկու մեծ քույր (ամուսնացած)
Ում հետ է ապրում' ծնողների
Սեփականություններ' ունեմ (չցանկացավ մանրամասնել)

- Ո՞րն ես քեզ համար կարիերայի սկիզբ համարում:
-Ոչ միայն մեդիայի բնագավառում, այլև ընդհանրապես առաջին աշխատատեղս «Դար 21» հեռուստաընկերությունն էր, որտեղ սկսել եմ աշխատել ուսանողական տարիներին' չնայած այն ընդհանրապես կապ չուներ մասնագիտությանս հետ (Արևիկը 2001-2005 թթ. սովորել է ԵՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ 2005-2007-ը նույն ֆակուլտետի կառավարման ամբիոնի մագիստրատուրայում-հեղ.): Նորաստեղծ հեռուստատեսությունում աշխատելու առաջարկը ստացել եմ դիմահարդար Ագա Քանքանյանից, սակայն ընտանիքս դեմ էր դրան, քանի որ այն կապ չուներ իմ ընտրած մասնագիտության հետ: Առանց ոչ ոքի տեղյակ պահելու գնացի ընդունվելու. երևի դա կյանքիս միակ գաղտնիքն էր: Այդպես էլ հայտնվեցի հեռուստատեսությունում: Երկար տարիներ աշխատել եմ «Դար 21»-ում ու շատ բան եմ սովորել, քանի որ և´ ես էի նոր, և´ հեռուստատեսությունը. միասին սովորում էինք:

- Ծնողներդ ովքեր են, ինչո՞վ են զբաղվում:
- Հայրս փիլիսոփայական գիտությունների թեկնածու է: Հայկական ավանդական սահմանը, որը հաճախ առկա է ծնող-երեխա հարաբերություններում, մեզ մոտ բացակայում է: Մենք շատ լավ ընկերներ ենք: Հայրս ֆենոմենալ աձնավորություն է. որոշեց պորտուգալերեն ուսումնասիրել. այդ լեզվով գրքեր է գրել ու այսօր էլ աշխատում է դրանով: Քառասունհինգ տարեկանում որոշեց անգլերեն սովորել. հիանալի անգլերեն գիտի և այժմ աշխատում է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում: Իսկ մայրս մանկավարժ է' մանկապարտեզի վարիչ:

- Քեզ հաջողակ համարո՞ւմ ես, թե՞ շատ բաների դժվարությամբ ես հասնում:
- Անշուշտ, հաջողակ եմ, բայց իհարկե, դժվարություններ լինում են: Չեմ կարող ասել, որ այն հաջողակներից եմ, ովքեր ամեն բանի հասնում են միայն հաջողության շնորհիվ: Ինձ մոտ երկուսն էլ կա' և´ հաջողությունը, և´ աշխատասիրությունը: Կյանքում չի եղել մի բան, որ ասեմ' ուղղակի ինձ տրվեց. միշտ ինչ-որ աշխատանք եմ տանում, ջանք, ժամանակ եմ տրամադրում աշխատանքային հաջողության համար:

- Ասացիր' դժվարություններ լինում են, ի՞նչ դժվարությունների մասին է խոսքը:
- Արտիստի մենեջեր եմ, հաղորդավար, շատ հեռուստանախագծերի պրոդյուսեր, սակայն պետք է ասեմ, որ այդ ամենի «դպրոցը» չկա մեր երկրում: Չկա մի տեղ, որտեղ կարող ես գնալ և ինչ-որ բան սովորել. չկան մարդիկ, որոնց կարելի է լսել ու դասեր առնել. բոլորս մեր փորձի վրա ենք սովորում, պրպտում: Դա մի կողմից լավ է, որովհետև օգնում է ստեղծագործ լինել, մյուս կողմից' մի բանը մի քանի անգամ փորձում ես, նոր միայն ճիշտ ուղու վրա ընկնում:

- Այժմ' որպես հաղորդավար, աշխատում ես հեռուստատեսությունում: Մյուս աշխատանքներդ չե՞ն տուժում դրանից: Դժվար չէ՞ համատեղելը:
- Հեռուստատեսությունում երբեք երկարատև դադար չեմ ունեցել, առավելագույնը' մի քանի ամիս: Բնականաբար, հեշտ չէ մի քանի աշխատանք համատեղելը, բայց քանի որ բոլոր աշխատանքներս էլ ազատ գրաֆիկով են, ինքս եմ փորձում օրս ճիշտ կազմակերպել: Հաճախ գրաֆիկը շատ խիտ է, բայց, ինչ արած, սիրում եմ հեռուստատեսությունը, բայց միայն դա չէ հիմնական աշխատանքս: Ինչ վերաբերում է համատեղելուն… (մտածում է-հեղ.) երբեմն դժվար է: Մեկ-մեկ նախանձում եմ մարդկանց, ովքեր ինչ-որ բան չանելու համար անջատում են հեռախոսը, ամեն ինչ դնում մի կողմ ու զբաղվում իրենց սիրած գործով: Գուցե դա լավ է, սակայն ինքս չեմ կարող այդպես վարվել. ամեն ինչ վերջացնում եմ, հետո ժամանակս օգտագործում զբաղմունքներիս համար: Չեմ կարող ասել' լա՞վ է դա, թե՞ վատ, սակայն երբեմն պետք է ավելի եսասեր լինել (ծիծաղում է):

- Իսկ հանգստանա՞լ, ստացվո՞ւմ է:
- Ամառն իմ ամենասիրած եղանակն է, սակայն անցած տարի ամռանը հանգստանալ չհաջողվեց: Վերջին տարիներին' տարվա մեջ մեկ շաբաթ եմ հանգստացել: Բայց անցած նոյեմբերին գնացի Բարսելոնա, ուր շատ էի ցանկանում լինել: Զգում էի, որ այդ քաղաքն ինչ-որ ուժ ունի, որը պետք է զգայի ու զգացի: Միայնակ գնացի ու փորձեցի հնարավորինս ճանաչել քաղաքը' չնայած գիտեի բոլոր փողոցները, շինությունները. լավ ուսումնասիրել էի:

- Ներկայումս «Սիրուշո փրոդակշնի» տնօրենն ես և «Օրանժ ֆիթնեսի» PR մենեջերը: Ինչի՞ շնորհիվ քեզ վստահվեցին այս պատասխանատու աշխատանքները:
- Հասկացել եմ, որ յուրաքանչյուր նոր գործ, աշխատանքային նոր առաջարկ ստացվում է նախորդի շնորհիվ: «Օրանժ ֆիթնեսում» հայտնվեցի Հարություն Փամբուկյանի («Օրանժ ֆիթնեսի» սեփականատեր-հեղ.) հետ հեռուստահարցազրույցից հետո: Այնուհետև մասնակցեցի «Ֆորտ բոյար» նախագծին, որից հետո էլ առաջարկ ստացա Սիրուշոյից: Մի քանի հանդիպման ընթացքում փորձեցինք հասկանալ ու քննարկել' ինչ համագործակցության մասին է խոսքը: Անշուշտ, ինձ շատ դուր եկավ այդ գաղափարը, որովհետև Սիրուշոն այն արտիստն է, ով միշտ առաջ է նայում, միշտ փորձում է նորություններ անել. շատ հաճախ ինչ-որ բաներ է ասում, որ ինձ համար սկզբում անհնարին է թվում: Նա անձնավորություն է, ով հնարավորություն է տալիս առաջ գնալ, կայանալ, այսինքն' այս աշխատանքը ոչ միայն հաճելի է, այլև օգտակար: Գուցե իմ աշխատասիրության շնորհիվ դրանք ինձ վստահվեցին:

- Միշտ ես ուղեկցում երգչուհուն համերգային շրջագայությունների ժամանակ, թե՞ լինում է, որ չես կարողանում գնալ:
- Չէ, չի եղել: Արդեն մոտ երեք տարի է' միասին ենք աշխատում. հուսով եմ' չի էլ լինի (ծիծաղում է): Գիտակցում եմ, որ նրա հետ մեկնելը շատ կարևոր ու պարտադիր է:

- Մշտապես դու ես երևում նրա կողքին, այլ աշխատակիցներ կամ թիմակիցներ ունե՞ք: Փրոդակշնը այլ հայտնիների գործերով զբաղվո՞ւմ է:
- Անշուշտ, փրոդակշնում կան նաև այլ աշխատակիցներ: Իհարկե, նրանք այնքան շատ չեն, որքան կարող է թվալ: Միշտ ես եմ երևում, քանի որ ես եմ երգչուհու մենեջերը: Փրոդակշնը զբաղվել է, օրինակ, Սյուզան Մարգարյանի ձայնասկավառակով, նաև Երևանի քաղքապետարանի ու Մշակույթի նախարարության հետ համատեղ ամանորյա բարեգործական նախագծեր ենք իրականացրել: Այժմ էլ շատ առաջարկներ ենք ստանում հայտնիներից, բայց չենք հասցնում այդ ամենով զբաղվել: Ներկայումս զբաղվում ենք Զարուհի Բաբայանի ձայնասկավառակի աշխատանքներով:

- Եղե՞լ է, որ ինչ-որ հարցում համաձայն չես եղել երգչուհու հետ և ասել ես այդ մասին:
- Բնական է, որ այդպես էլ է լինում: Համատեղ աշխատանքի դեպքում, երբ երկուսն էլ մտածող են, չի կարող անհամաձայնություն չլինել, որովհետև հենց դրանց արդյունքում է հետաքրքիր ու լավ բան ստեղծվում: Մենք հիմանկանում նույն ուղությամբ ենք մտածում, փորձում ենք զգուշավոր լինել, ինչպես նաև ստեղծագործ: Լինում են դեպքեր, երբ Սիրուշոն շատ առաջ է նայում և ամեն բան շատ ավելի լավ պատկերացնում, իսկ ես երբեմն վախենում եմ նոր գաղափարներից:

- Քո ասած անհնարին թվացողներից մի բան կհիշե՞ս:
- Շատ բաներ սկզբում անհնար են թվում, սակայն երբ ողջ ուժերը կենտրանացնում ենք դրա վրա, պարզվում է' կարող ենք: Օրինակ' Սյուզան Մարգարյանի «Նոր տարի» ձայնասկավառակը. 7 երգերը Սիրուշոն գրեց ընդամենը մեկ օրում, այնուհետև դրանք ձայնագրվեցին, տեսահոլովակ նկարահանվեց: Միայն շնորհանդեսի օրը հասկացանք, թե ինչ կարճ ժամանակում' ինչքան բան ենք արել:

- Սիրուշոյի հետ կապված առավել շատ ի՞նչ հարցեր են քեզ տալիս:
- Հստակ չեմ կարող ասել. շատ տարբեր են հարցերը լինում: Տվյալ ժամանակահատվածից է կախված. օրինակ' վերջերս ամենաշատը հարցնում են «Եվրատեսիլին» մասնակցելու մասին:

- Ասում են' հոնարարներդ բավականին բարձր են և անցնում են մեկ միլիոն դրամը:
- Զարմանում եմ այն մարդկանց վրա, ովքեր փորձում են ուրիշների գումարը հաշվել: Բնականաբար, չեմ ասի' ինչքան եմ ստանում, որովհետև, կարծում եմ, գեղեցիկ չէ խոսել դրա մասին: Հայերը սիրում են նման հարցեր, բայց ոչ մի կերպ չեմ ցանկանում արձագանքել դրանց:

- Արդեն ծրագրե՞լ եք երգչուհու այս տարվա անելիքները. հնարավո՞ր է' այս տարի Սիրուշոն մենահամերգով հանդես գա Երևանում:
- Հունվարին ծրագրել ենք երգչուհու ամբողջ տարվա անելիքների գրաֆիկը: Շատ ուրախ եմ, որ այս տարի արտասահմանցի արտիստներից, փրոդակշններից ավելի շատ առաջարկներ ունենք. հիմնականում շեշտը դրվում է տարբեր երկրների համագործակցությունների վրա: Ինչ վերաբերում է կոնկրետ անելիքներին' մենք երբեք դա չենք հրապարակում, ինչպես եղավ նաև Գրիգորի Լեպսի հետ համագործակցության դեպքում: Երևանյան մենահամերգի մասին էլ հստակ ոչինչ չեմ կարող ասել:

- Շատերի համար երազանք է Սիրուշոյին հանդիպելը, առավել ևս նրա հետ աշխատելը: Քեզ նախանձողները շա՞տ են:
- Անշուշտ' կան, դա ոչ միայն զգացել եմ, այլև ստանում եմ շատ նամակներ: Նաև շատ են ցանկանում իմ միջոցով ինչ-որ բան ճշտել կամ փոխանցել Սիրուշոյին:

- Եղե՞լ է, որ երգչուհու հետ աղջկական զրույցներ ունենաք' ինչպես երկու ընկերուհիներ:
- Բնականաբար, լինում են: Ամեն դեպքում, ես և Սիրուշոն շատ չենք տարվում «կողքի» թեմաներով, որովհետև աղջիկների դեպքում այնքան շատ են այդ թեմաները: Ընկերական զրույցներ, հանդիպումներ լինում են, սակայն առաջնայինը մեզ համար աշխատանքն է:

- Բավականին զբաղված առօրյա ունես, սակայն ազատ լինելու դեպքում ինչո՞վ ես սիրում զբաղվել:
- Սիրում եմ լինել ընտանիքիս հետ' հատկապես որ նրանք հաճախ շրջագայում են: Շատ եմ սիրում ժամանակս անցկացնել քույրիկներիս բալիկներ հետ. դա իմ ամենասիրած զբաղմունքն է: Ընկերներիս հետ եմ հաճախ լինում, ովքեր բավականին շատ են. զբաղվածությանս պատճառով նոր ընկերների համար ժամանակ այնքան էլ չի մնում:

- Դժվա՞ր ես ընկերանում:
- Դժվար չեմ ընկերանում, շատ հեշտ եմ շփվում: Շփվելը, ճանաչելն ու աշխատելն այլ է, իսկ նորերից եզակիների հետ եմ ընկերանում: Կամ գուցե ավանդական մտածելակերպ ունեմ. չէ՞ որ տարիներն են ապացուցում.... կյանքն էլ է ապացուցել ինձ, որ հին ընկերներս միշտ ինձ հետ են:

- Անձնականիդ, աղջկական զբաղմունքներիդ ժամանակ մնո՞ւմ է:
- Անձնականի համար ժամանակ, բնականաբար, չի մնում, սակայն եթե ճիշտ մարդ հայտնվի, ժամանակն էլ կգտնվի: Եթե նայես գործերի հերթականությանը, ապա նույնիսկ ուտելուն ժամանակ չի մնա: Իմ աշխատանքն այնպիսին է, որ շատ հանդիպումներ եմ ունենում, եթերում եմ լինում, դրա համար էլ պետք է ինձ խնամելու և ուշադրություն դարձնելու ժամանակ էլ գտնեմ: Կարծում եմ' ոչինչ չպետք է խանգարի, որ կինն իրեն կանացի ու գեղեցիկ զգա:

- Կարծում եմ' շատ տղամարդիկ անտարբեր չեն անցնում կողքովդ: Այժմ ընտրյալ ունե՞ս:
- Ոչ, չունեմ (ժպտում է):

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ