«Eva RockBand» խմբի վոկալիստ Եվա Ոսկանյանի և «Հայաստանի ձայնը» նախագծի միջև եղած կոնֆլիկտի մասն esyes.am-ն իր ընթերցողներին արդեն պատմել է:
Այժմ ռոք երգչուհին հաջողություններ է ունեցել Գերմանիայում կայացած «Կոմիտասյան երգի» մրցույթ-փառատոնում, որին Եվան երկրորդ տարին է մասնակցում:
«Առաջին անգամ անցյալ տարի եմ մասնակցել, բայց միայն փառատոնի հատվածում՝ ներկայացնելով Կոմիտասի «Դլե յաման» երգն ու արժանանացել հանդիսատեսի համակրանքին»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին, ով այս տարի մասնակցել է նաև մրցութային փուլին' կատարելով Կոմիտասի «Գարուն» և «Դլե յաման» երգերն ու կրկին արժանացել People’s Choice Award (հանդիսատեսի համակրանք) մրցանակին:
«Այս տարվա մասնակցությունս շատ պատահական եղավ. երգեցի կոմիտասյան երկու երգ' ավելի ռոքային ոճում, ինչպես նաև՝ ժողովրդական «Կիլիկիա» երգը, որը, ի դեպ, 4 տարեկանից երգում եմ»,- նշեց Եվան:
Այս տարի երգչուհին մրցույթ-փառատոնին առաջին անգամ ներկայացել է նաև որպես դաշնակահարուհի և գրավել 3-րդ տեղը:
esyes.am-ի հետ զրույցում Եվան ասաց. «Ողջունելի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր առանց որևէ շահի կազմակերպում են նման միջոցառումներ' նպատակ ունենալով Կոմիտասի երաժշտությունը հայտնի դարձնել Հայաստանից դուրս: Այսպիսի մրցույթներում մրցանակներն ու տեղերն այնքան էլ կարևոր չեն. չէ՞ որ այդ ամենն արվում է հանուն Կոմիտասի երաժշտության և, ի վերջո, հաղթեց կոմիտասյան երաժշտությունը»:
Երիտասարդ երգչուհին անակնկալ ունի նաև երևանյան իր հանդիսատեսի համար. երկար դադարից հետո այս ամիս տեղի կունենա Եվայի ակումբային մենահամերգը, բացի դրանից, երգչուհին մի շարք ռոք կատարողների հետ կմասնակցի բարեգործական համերգի:
Հաջողություն եմ մաղթում. Մերի Պողոսյան