«Ֆրանսիայում այսօր մեկնարկում է ժամանակակից կինեմատոգրաֆի ամենաազդեցիկ միջոցառումը՝ Կաննի կինոփառատոնը։ Այս տարի այն ընթանում է 66-րդ անգամ ու կավարտվի մայիսի 26-ին»,-գրում է tert.am-ը։

Կինոփառատոնին մասնակցում է 52 լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, իսկ գլխավոր մրցույթի շրջանակներում կցուցադրվի 20 ֆիլմ. հաղթողը կստանա «Արմավենու ոսկյա ճյուղը»։

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, կինոփառատոնի տնօրեն Տյերի Ֆրեմոն նշել է, որ այս միջոցառումը պետք է շարունակի մնալ համաշխարհային կինեմատոգրաֆի ամենաթարմ նորույթների ցուցադրման հարթակ։

Գլխավոր մրցույթում ամենից շատ թվով ֆիլմեր ներկայացրել են ԱՄՆ-ն ու Ֆրանսիան՝ յուրաքանչյուրը 5-ական։
Երկու ֆիլմ է ներկայացրել Ճապոնիան և մեկական ֆիլմ՝ Իտալիան, Չադը, Չինաստանը, Հոնկոնգը, Նիդեռլանդները, Մեքսիկան, Լեհաստանն ու Դանիան։ Ֆիլմերի մեծ մասը տեսել են միայն Կաննի կինոփառատոնի ընտրական խմբի անդամները, բայց նույնիսկ մասնագետները դժվարանում են անվանել հաղթանակի գլխավոր հավակնորդներին։

Կաննի կինոփառատոնի հաղթողներին ընտրելու իրավունքը պատկանում է 9 հոգանոց ժյուրիին, որը կգլխավորի հանրահայտ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը։ Կինոփառատոնի պատմության մեջ նման աստղային ժյուրի դեռևս չի եղել. բացի Սփիլբերգից, ժյուրիի կազմում են ներգրավվել Նիկոլ Քիդմանը, Էնգ Լին ու Քրիստոֆ Վալցը։