Երգիչ Մհերի անձնական կյանքում նկատվող հավանական փոփոխության մասին esyes.am-ն իր ընթերցողներին տեղեկացրել էր' խոստանալով առաջիկայում պարզաբանում ստանալ երգչից:

Մհերից պարզեցինք արդյոք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, վերջինս էլ ծիծաղելով հաստատեց լուրի իսկությունը: «Այո՛, ճիշտ է, իմ ու Լուսինեի միջև ինչ-որ բան կա. արդեն երեք ամիս է հանդիպում ենք: Ավելին ասել այս պահին չեմ կարող. հազիվ բախտս բացվել է, չեմ ուզում աչքով տան»,- ասաց «Արմենիա» մրցանակաբաշխության ժամանակ տարվա լավագույն երգիչ դարձած Մհերը:
Երգչի ընտրյալը 28-ամյա երգչուհի Լուսինե Շմավոնյանն է, ով նախկինում «Դիվա» ռուսական խմբի մեներգչուհին է եղել:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների' Մհերն ու սիրելին' Լուսինեն, առաջիկայում պատրաստվում են զուգերգով հանդես գալ: Այդ հարցով էլ խոսեցինք երգչի պրոդյուսերի' Ժորայի հետ: «Այո՛, առաջիկայում նման մտադրություն ունենք, երգն էլ արդեն մոտավոր ընտրված է, բայց դեռ չենք խոսի այդ մասին: Թող անակնկալ լինի, երբ ամեն ինչ հստակ լինի, կտեղեկացնենք լրատվամիջոցներին,- ասաց Ժորան ու հավելեց, որ այս տարի դեռ շատ անելիքներ ունեն,- առաջիկա ամսում կներկայացնենք «Հավատա» երգի տեսահոլովակը, որին կհաջորդի «Ներիր» երգի տեսահոլովակը: Վերջինը ռուսերեն է, տեսահոլովակն էլ նկարահանվել է Ուկրաինայում: Դրանից հետո կներկայացնենք «Հայրիկ» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը»:
Երգչի պրոդյուսերը հավելեց նաև, որ ևս մեկ երգ ունեն, որի մասին դեռ չեն ուզում խոսել, միայն ասաց, որ կիսառուսերեն-կիսահայերեն երգ է:

 

Ներկայացրեց Մերի Պողոսյանը