Ամերիկահայ երիտասարդ ռեժիսոր Թալին Ավագյանի Demi Pointe (Demi Pointe-ը բալետում օգտագործվող տերմին է, բնութագրում է մատների ծայրերի վրա կանգնած լինելու վիճակը-Tert.am) ֆիլմն ապրիլի 12-21-ը ԱՄՆ-ում կայացած Բոստոնի միջազգային կինոփառատոնի ժամանակ մրցանակի է արժանացել:
Ինչպես հաղորդում է անգլալեզու Armenian Weekly պարբերականը, Demi Pointe-ը հաղթող է ճանաչվել «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:
«Շատ գոհ և երջանիկ եմ այս մրցանակի համար: Պարզապես հիանալի է, Demi Pointe-ի ստեղծումից մեկ տարի էլ չի անցել, այն այսօր նման գնահատանքի է արժանանում... Շատ ուրախ եմ, որ գնահատվեց այն աշխատանքը, էներգիան և ժամանակը, որ ներդրվել էր այս նախագծում»,- Armenian Weekly -ի հետ զրույցում ասել է Ավագյանը և շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ իրենց մասնակցությունն են ունեցել ֆիլմի ստեղծմանը:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012թ-ին մայիսին. 30 րոպե տևողությամբ կինոժապավենը (դերերում՝ Սիդնի Փենի, Ռեյչել Սքոթ, Ռոբին Էն Ռափոփորթ, Էմի Ֆրիդման) պատմում է Սիդնի անունով մի աղջկա մասին, որը խոսքի ու հաղորդակցման խանգարում ունի: Սիդնին որոշում է դիմել լոգոպեդի օգնությանը... Խոսքի թերապիան լիովին փոխում է նրա կյանքը. աղջիկը սկսում է «այլ աչքերով նայել» աշխարհին, դառնում է ավելի համարձակ, բացահտում է սերը բալետի նկատմամբ: Հաճախում է բալետի ուսուցման դասերի և սկսում է իր հոգու ճիչը, հույզերն ու զբացմունքներն արտահայտել հենց պարի միջոցով...
Բոստոնի միջազգային կինոփառատոնն ԱՄՆ-ի ամենամեծ և հայտնի կինոմիջոցառումներից է: Demi Pointe-ը կինոփառատոնին ներկայացված 100 ֆիլմերից (այդ 100 ֆիլմերն ընտրվել էին 2 600-ից) մեկն էր: