Tert.am

Շոտլանդացի դիջեյ Քելվին Հարիսը բրիտանական լավագույն 10-յակում հայտնված միևնույն ալբոմի երգերի թվով գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը, հայտնում է Корреспондент-ը։

Ինչպես նշում է Metro-ն, Հարիսը ռեկորդ է սահմանել, երբ նրա «I need your love» երգը բարձրացել է 7-րդ հորիզոնական։ Այդպիսով, կատարողի «18 Months» ալբոմից 8 երգ հայտնվել է Մեծ Բրիտանիայի ամենավաճառվող երգերի տասնյակում։

Նախորդ հաջողությունները պատկանում էին Մայքլ Ջեքսոնին, ընդ որում՝ հանրահայտ երգիչը ռեկորդ է սահմանել 2 անգամ։ 7-ական երգ նրա 1987թ. «Bad» և 1991թ. «Dangerous» ալբոմներից հայտնվել են բրիտանական լավագույն 10-յակում։

Քելվին Հարիսի «18 Months» ալբոմը թողարկվել է 2012թ. հոկտեմբերին և, ինչպես նախորդ ալբոմը, անմիջապես զբաղեցրել է լավագույն ալբոմների աղյուսակի առաջին հորիզոնականը Մեծ Բրիտանիայում։

Հարիսն աշխատել է նաև այնպիսի կատարողների երաժշտության վրա, ինչպիսիք են Քայլի Մինոուգը, Սոֆի Էլիս Բեքստորը և Ռիհանան։