Ամերիկացի ֆուտբոլիստ Ռեգի Բուշին լայն ճանաչում բերեց Քիմ Քարդաշյանի հետ ունեցած սիրավեպը: Ռեալիթի շոուների հայազգի աստղն ու Ռեգին միասին են եղել 2007-2010 թվականներին, իսկ բաժանությունից հետո Քիմին փոխարինելու է եկել մեկ այլ հայուհի' Լիլիթ Ավագյանը:
Լիլիթը 25 տարեկան է, Քիմի պես սեւահեր եւ ընդգծված բարեմասնություններով: Պրոֆեսիոնալ պարուհին պատրաստվում է զավակ պարգեւել Քարդաշյանի նախկին “բոյֆրենդին”:
Ռեգի Բուշը հարցազրույցներից մեկում նշել է' այլեւս կապ չունի իր նախկին ընկերուհու հետ եւ երջանիկ է, որ հայր է դառնալու.“Դա մեծ պատասխանատվություն ու երջանկություն է ինձ եւ Լիլիթի համար”:
Նշենք, որ Լիլիթ Ավագյանը Միացյալ Նահանգներում բնակվում է 2001 թվականից, իր կարիերան սկսել է որպես բալետի պարուհի: 2008 թվականին նա ճանաչվել է ԱՄՆ ազգային առաջնության հաղթող, որից հետո հրավիրվել է ներկայացնել ԱՄՆ-ն լատինաամերիկյան պարերի աշխարհի առաջնությանը:
Հայ պարուհին նաեւ մասնակցել է “Dancing with Stars” ամերիկյան հայտնի հեռուստաշոուին: Ներկայում նա բնակվում է Լոս Անջելեսում եւ հանդես է գալիս որպես պարուսույց.“Իմ կիրքն է նայել կյանքին արվեստի այսքան գեղեցիկ արտահայտման միջոցով”: