Միշտ երիտասարդ, հմայիչ, ցանկալի, էներգիայով ու նորություններով լի Էնրիկե Իգլեսիասն այսօր՝ մայիսի 8-ին, նշում է ծննդյան տարեդարձը: Երկրպագուները դժվարությամբ են հավատում, որ տարբեր տարիքի աղջիկների ու կանանց սիրելին արդեն 45 տարեկան է:

Աշխարհահռչակ երգիչ Խուլիո Իգլեսիասի որդին իր կարիերան սկսել է Էնրիկե Մարտինես կեղծանվամբ: Այսօր Իգլեսիասը կեղծանուններ փնտրելու կարիք չունի. նրան վաղուց ընդունել ու սիրել են ոչ թե հայտնի հոր ազգանվան, այլ իր սեփական ձեռագրի, գրավիչ ձայնի ու կերպարի համար:

Իգլեսիասն արժանացել է երաժշտական աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներին, այդ թվում՝ «Գրեմմի», American Music Awards եւ այլն:

Մինչ հազարավոր կանանց ու աջիկկների սրտեր բաբախում են նրա համար, Էնրիկեն իր սրտի ընտրությունը վաղուց է կատարել՝ ի դեմս ռուս թենիսիստուհի Աննա Կուռնիկովայի: Երգիչն ու սպորտսմենուհին հանդիպել են 2002 թ-ին՝  Escape տեսահոլովակի նկարահանման հրապարակում, որտեղ Աննան մարմնավորել է գլխավոր հերոսուհուն: Այդ պահից սկսած զույգն անբաժան է:  2017 թ-ին լույս աշխարհ են եկել նրանց երկվորյակները՝ Նիկոլասն ու Լյուսին, իսկ 2020-ին՝ նրանց մյուս դուստրը, որին ծնողներն անվանել են Մաշա:

Առաջարկում ենք ընթերցել Էնրիկե Իգլեսիասից մի քանի մեջբերում՝ կանանց, հայտնի լինելու եւ իր ոգեշնչումների մասին:

«Սերն իմ կարեւորագույն ոգեշնչումներից է»:

«Նախկինում, երբ նորմալ կյանքով էի ապրում, ավելի երջանիկ էի»:

«Ինձ ոգեշնչում են կանայք, ընկերությունն ու միայնությունը»:

«Այո, եղել է, որ իմ պատճառով կինն արտասվի»:

«Ես լավ մարդ եմ, բայց շատ թերություններ ունեմ»:

«Երաժշտության միջոցով կարելի է խոսել քաղաքականության եւ այլ թեմաների մասին: Բայց դրանք գալիս ու գնում են, իսկ սիրո թեման միշտ արդիական է»:

«Մարդիկ տարբեր վայրերում ինձ մոտենւմ են ստորագրություն խնդրելու համար. ինձ միայն մի դեպքում դա կարող է խանգարել՝ երբ ես ինչ-որ բան եմ ուտում»:

«Ես շատ եմ հպարտանում, որ այսպիսին եմ, հպարտանում եմ իմ դիրքի, արմատների եւ, իհարկե, հորս համար»:

«Ինքս չեմ սիրում, երբ ինձ ստում են, այնպես որ՝ ես էլ միայն աննշան բաների համար եմ ստում՝ սպիտակ սուտ է դա»:

«Ավելի լավ է՝ ես ինքս անեմ իմ սխալները, քան թողնեմ, որ մարդիկ դրանք անեն իմ փոխարեն»: