Մարդ կա՝ ուտելու համար է ապրում,  մարդ էլ կա՝ ուտում է ապրելու  համար։ Սա սննդի շուրջ մարդկության դիրքավորման հիմնական առանցքն է, որ մի տեսակ սև-սպիտակ է երևում, եթե անտեսենք մեր կյանքի բազմաթիվ գեղեցիկ պահեր, երբ ուտելիքն ուղեկցում է մեր կյանքի գեղեցիկ  առիթներն ու սեղանների շուրջ մենք  ուղղակի լավ ժամանակ ենք անցկացնում։

Նման պահերին հատկապես հասկանում ենք, որ, դասականի ասած, հաց ուտելը միայն սնվելը չի։ Վայելելու համար պետք է նախ ուտելիքը համեղ լինի և իհարկե, սեղանակիցները լինեն համուհոտով, սիրելի,  հետաքրքիր։ Էլ չեմ ասում՝ անկողնակիցները, քանի որ այսօր խոսելու ենք ռոմանտիկ հարաբերությունները, սեքսուալ կյանքը խթանող ուտելիքների մասին։

Հայտնի հումորային սքեչներից մեկը ծիծաղելու առիթ է տալիս` «կոֆե նա պաստել»-ի շուրջ։ Իհարկե, սուրճը լավ է «վ պաստել» կարգավիճակում, մանավանդ, երբ այն սիրելի մարդն է մատուցում։

Ասում են, որ կանայք խենթանում են, երբ տղամարդիկ այդպես են  պատվում իրենց գեղեցկուհիներին։ Եվ, ոչ միայն սուրճ։ Իրականում 18+ տարիքից հետո բացառություններ կան  անկողնում սուրճ խմելու և անգամ  համեղ մի բան ուտելու համար։ Անգամ ցուցումներ, երբ  խոսքը վերաբերում է սեքսուալ մթերքներին։ Իսկ այդպիսիք կան և դրանք վայելելու տեղը հենց անկողինն է,  մշտական  կարգուկանոնի սիրահարների աչքից հեռու։ Ահա մի քանի համեղ ու գաստրոսեքսուալ խորհուրդ՝ ինչ ուտել, որ անկողինն ավելի «համեղ» ստացվի։

Պարզվում է, այս թեմայով նույնիսկ առաջատարների ցանկ կա, որի առաջատարն, ուշադրություն, ժողովրդական լեզվով ասած,  բորբոսնած պանիրն է։ Այն, պարզվում է, ֆենիլէթիլամին է պարունակում, որն ուտելից հետո ռոմանտիկ տրամադրությունը սարերից իջնում է ուղիղ ձեր ննջարան։

Իբրև բոնուս հիշեցնենք ավոկադոյի մասին, նույն գործով։ Ավոկադոն հատկապես վերջերս շատ սիրելի է դարձել հայերիս համար, այնպես որ, նրա մի շարք դրական բնորոշումներին ավելանում է ևս՝ ոչ պակաս կարևոր մեկը։

Հաջորդը սառեցված հատապտուղներն են։ Ինչպես հասկացաք, սա ձմեռային հարաբերությունները տաքացնելու գունեղ և համեղ միջոց է, որի հաջողությունը երաշխավորված է։ Թե ինչ հատապատուղ կընտրեք՝ դուք որոշեք։ Կարևորը հիշեք «սեզոնին» հապատպուղների թմբլիկ չափաքանակ ուղարկել սառնարան, որ ամբողջ տարին թեժ անցնի։ Ու, դե, համեղ։

Ձիթապտուղը  համեղ սեղանների շուրջ սիրելի բզբզելիքներից է, և այն սիրում են գրեթե բոլորը։ Այնպես որ, խորհուրդ ենք տալիս զույգերին իրենց հետ անկողին  տանել սիրելի զեյթունն իր բոլոր տեսակներով,  գունեղ ու համեղ։ Բարի  ախորժակին կհետևի ոչ պակաս բարի վայելքը։ Ձիթապտուղը պարունակում է սեքսը խթանող հորմոններ,  հատկապես՝ սերոտոնին։

Չմոռանաք բանանի մասին․ այն վիտամին B  է պարունակում և կալիում, ինչը շատ օգտակար է հատկապես տղամարդկանց։ Այն կօգնի մրցակցությունից դուրս լինել ու անփոխարինելի դառնալ։

Անգամ  բանջարեղենը կարող է այս իմաստով հետաքրքիր լինել․ ծնեբեկ սիրողներն ու գնահատողներն այն  համարձակ  կարող են անկողին  տանել․ կանաչու անունն առանձնապես սեքսուալ չէ, բայց  հո իր գործն անում է։ Այս մասին նույնիսկ   հինավուրց պոետներն են արտահայտվել, արձակ,  համարձակ   ու չափածո։ Ծնեբեկը ռեկորդային ցինկ է պարունակում։

Իհարկե,  չմոռանք նաև կոճապղպեղի մասին, որ տեղով մեկ խթանիչ է, այն վիագրայի նախահայրն է և անգամ նախապապը։ Պատկերացնում եք, ինչ թեժ կլինի,  եթե չիլի պղպեսին էլ հրավիրեք։ Այն երջանկության հորմոնի՝ էնդորֆինի իսկական հարուցիչ է, կերեք ու երջանկացեք, որքան սիրտներդ ուզի։

Image result for ginger

Այս շարքի հետազոտողները  մի բանջարեղեն էլ են  հուշում,  վարունգը,  հենց հոտի համար։ Պարզվում է,  վարունգի հոտը կանանց շատ է գայթակղում,  ցանկում հաջորդում են  ելակն ու ․․․թարմ  հնձած խոտը։ Վերջինս ուտել պետք չէ։ Թե ինչու են հնձած խոտը  միատեղել վարունգի ու ելակի հետ՝ իրենք կիմանան։

Սերուցքն էլ է սեր բերում, եթե այն հատկապես հարած է,  հարեք, կերեք ու սիրահարվեք,  նորից ու կրկին, իսկ եթե հատուկ սփռիչով է, ճնշման  տակ տարայով, որ պետք է փչել,  ուրեմն գործի դրեք նաև երևակայությունը։

Շամպայնը հո չե՞ք մոռացել, դե լցրեք բաժակներն ու ձեզ բարի գիշեր։