Սննդամթերքների ջերմամշակումն ազդում է աղիների միկրոֆլորայի վրա եւ փոխում է այն, ինչպես պարզել են Կալիֆոռնիայի եւ Հարվարդի համալսարանների գիտնականները։

Science Daily-ն տեղեկացնում է, որ միկրոֆլորայի հետ են կապված օրգանիզմի շատ գործառույթներ՝ մարսողությունից եւ նյութափոխանակությունից մինչեւ իմունիտետի աշխատանք։ Սննդակարգն, ինչպես հայտնի է, ընդունակ է փոփոխել միկրոֆլորան։ Սակայն մթերքների պատրաստման մասին գիտնականներն առաջին անգամ են խոսել։

Նրանք փորձարկումներ են անցկացրել կրծողների վրա, որոնց կերակրել են տարբեր մթերքներով՝ հում մսով, խաշած մսով, հում քաղցր կարտոֆիլով կամ մշակված կարտոֆիլով։

Պարզվել է, որ միսը, անկախ մշակման մակարդակից, որեւէ կերպ չի ազդել միկրոֆլորայի վրա։ Իսկ ահա քաղցր կարտոֆիլի ջերմամշակումը կարեւոր դեր է խաղացել։ Ընդ որում, փոխվել է ոչ միայն միկրոֆլորային բակտերիաների բաղադրությունը, այլեւ գեների ակտիվության սխեմաները եւ մետաբոլիզմի կողմից արտադրվող նյութերը։ Նման արդյունք եղել է, երբ սննդակարգ են մտցրել տարատեսակ բուսական մթերքներ՝ գազար, ոլոռ, կարտոֆիլ, եգիպտացորեն, բազուկ։

Ջերմամշակումը կալորիաների մեծ քանակի թույլ է տալիս ներծծվել բարակ աղիքի մեջ՝ ավելի քիչ սնունդ թողնելով ավելի ցածր մասերում բնակվող բակտերիաների համար։ Միաժամանակ, մի շարք հում մթերքներ կարող են պարունակել հակամանրէական միացություններ, որոնք տեսականորեն վտանգավոր են որոշ միկրոօրգանիզմների համար։

news.am