Սիրված երեք խմբեր' «Ռեինկարնացիան» (Հայաստան), «Բումբոքսը» (Ուկրաինա) և «ՈւմաՏուրմանը» (Ռուսաստան) Երևանում բացօթյա համերգով հանդես կգան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին համերգի կազմակերպիչ One Production ընկերությունից, այն տեղի կունենա սեպտեմբերի 19-ին «Հանրապետական» մարզադաշտին հարակից տարածքում:

 

Հինգ ժամանոց այս բացօթյա համերգը հավակնում է լինել վերջին տարիներին կազմակերպված միջոցառումներից ամենամարդաշատը: Խմբերից յուրաքանչյուրը ելույթ է ունենալու 90 րոպե: Համերգը ներառելու է հայտնի ու սիրված կատարումներ, հիթեր, որոնք եղել են խմբերի հաջողության գրավականը:

 

Փոփ, ռոք, ռեգգի և փանկ ոճում ստեղծագործող «ՈւմաՏուրման» («Uma2rman») խումբը հիմնադրվել է 2003թ. հուլիսին: Սկզբնապես խմբի անդամները եղել են Կրիստովսկի եղբայրները՝ Սերգեյը և Վլադիմիրը, որոնք խումբն անվանել են իրենց սիրելի դերասանուհու՝ Ումա Տուրմանի անունով: Եղբայրները համոզված են, որ եթե մի բան շատ ես ուզում, անպայման իրականանում է: Նրանք նաև հույս ունեն, որ մի օր իսկապես կհանդիպեն սիրելի դերասանուհի Ումա Տուրմանին: Եղբայրներին հետագայում համերգների ընթացքում միացել են նաև այլ երաժիշտներ։ Խումբն ընդհանուր ա ռմամբ թողարկել է 5 ալբոմ, խմբին ճանաչում են բերել այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Прасковья», «Ума Турман», «Проститься», ինչպես նաև այնպիսի ֆիլմի սաունդթրեքեր, ինչպես «Գիշերային դիտարկում» («Ночной Дозор») ֆիլմը։

 

«Բումբոքս» փոփ-խումբը ստեղծվել է 2004թ.: Խմբի անդամներն են Անդրեյ Խլիվնյուկը' մենակատար եւ բոլոր տեքստերի հեղինակ, Անդրեյ «Մուխա» Սամոյլոյը' կիթառահար ու երգահան և Վալենտին «Վալիկ» Մատիյուկը' դիջեյ եւ բիտմեյքեր: Խմբի ստեղծումից մեկ տարի անց թողարկվեց «Մելոմանիա» անվամբ առաջին ալբոմը' 11 երգերից կազմված, որոնց թվում ռեժիսոր Վիկտոր Պրիդուվալովի կողմից էկրանավորված «Սուպեր-Պուպեր», «E-mail» և «Բոբիկ»-ֆիլմերի սաունդթրեքերն են: Ընդհանուր առմամբ, խումբը թողարկել է հինգ ալբոմ, որոնցից 2006 թվականին ձայնագրված «Family Бізнес» ձայնասկավառակը Ուկրաինայում ստացել է ոսկե կարգավիճակ (ներկայումս վաճառվել է մոտ 100.000 օրինակով):

 

Հայկական «Ռեինկառնացիա» ռեգգի-խումբը ձևավորվել է 2001 թվականին: Խմբի նախաձեռնող և մեներգիչն է Ռոլանդ Գասպարյանը։ Տարիների ընթացքում խումբը հասցրել է փոխել տարբեր ոճեր' հարդ-ռոքից մինչև ռեգգի: 2007թ.-ին լույս է տեսել առաջին հայկական ռեգգի և սկա ոճերում ձայնագրված «Janfida to Jamaica 60 km» ալբոմը։ Հայաստանյան իրականությունում խումբը առանձնանում է իր ինքնատիպությամբ, ներկայանում է հայկական և աֆրիկյան ոճերի յուրահատուկ խառնուրդով։ Ընդհանուր առմամբ, խումբը թողարկել է հինգ ալբոմ: