Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը Լաս Վեգասում Billboard Music Awards –ի մրցանակը շահել Է «Տարվա արտիստ» ամենահեղինակավոր անվանակարգում: Հաղթողների հայտարարման եւ պարգեւատրման արարողությունը մայիսի 17-ին տեղի Է ունեցել MGM Grand Garden Arena մարզահամերգային սրահում գրեթե 17 հազար հանդիսականների ներկայությամբ:
«Ես ուրախ եմ իմ այսօրվա հաղթանակով: Կարծում եմ, որ իմ նոր աշխատանքները հաջողվել են»,-հայտարարել է երգչուհին:
Billboard Music Awards ամենամյա մրցանակը Billboard ազդեցիկ երաժշտական հանդեսի կողմից սահմանվել Է 1989 թվականին: Grammy Awards և American Music Awards-ի հետ միասին այն մտնում է ԱՄՆ-ի առաջատար երաժշտական պարգեւների եռյակը:
25-ամյա քանթրի-փոփ կատարող Թեյլոր Սվիֆթը նախօրյակին պարգեւներ Է նվաճել ութ անվանակարգում, այդ թվում՝ «Լավագույն երգչուհի», «Billboard 200 չարտի լավագույն ալբոմ» իր «1989» հինգերորդ ստուդիական ալբոմի համար, ինչպես նաեւ երաժշտության երկրպագուների անկախ մրցանակը:
«Լավագույն երգիչ» գլխավոր անվանակարգում մրցանակն ստացել է 23-ամյա բրիտանացի Սեմ Սմիթը: Նա նաեւ հաղթել Է «Լավագույն արտիստ» կատեգորիայում: Անցած շաբաթ վիրահատել են Սմիթի ձայնալարերը, և նա չի կարողացել ժամանել Լաս Վեգաս: Սակայն Սմիթը ուղիղ տեսակապի միջոցով հայտնվել է սրահի վիթխարի էկրանին՝ ձեռքին բռնած պլակատ, որի վրա գրված էին շնորհակալության խոսքեր:
«Ռոք ոճի լավագույն արտիստ» անվանակարգում մրցանակը շնորհվել Է իռլանդացի կատարող Էնդրյու Հոզիեր-Բիռնին, որը հանդես է գալիս Hozier բեմական անվամբ:
«Լավագույն խումբ» անվանակարգում հաղթող է դարձել բրիտանական բոյ-բենդ One Direction-ը: Իսկ «Ռոք ոճի լավագույն ալբոմ» մրցանակը նվաճել է Coldplay բրիտանական խումբը 2014 թվականի իր "Ghost Stories" վեցերորդ ստուդիական ալբոմով:
Իսպաներեն լեզվով լավագույն երգի համար մրցանակն ստացել է Էնրիկե Իգլեսիասը "Bailando" կոմպոզիցիայի համար:
Այս տարի մրցանակներ են հանձնվել 41 կատեգորիաներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: