Մոսկվա կինոթատրոնում երեկ կայացավ «Ժաննա» գեղարվեստական նոր ֆիլմի պրեմիերան: Ժաննա դ'Արկի պատմության հիման վրա նկարահանած ֆիլմը կատակերգական է:

 

 

Անի լուպեի, Անդրանիկ Հարությունյանի, Ռաֆայել Երանոսյանի, Մխիթար Ավետիսյանի, Սենիկ Բարսեղյանի, Լուիզա Ներսիսյանի, Արսեն Գրիգորյանի, Սուրեն Առուստամյանի, Իրինա Դանիելյանի մասնակցությամբ ֆիլմի սցենարի հեղինակ և բեմադրող ռեժիսոր Արա Երնջակյանը նշեց, որ ֆիլմը միայն առաջին հայացքից է Ժաննա դ'Արկի մասին, իրականում այն ներկայացնում է մեր իրականությունը: «Ես երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ սա հայ կինոյի առաջին շովինիստական ֆիլմն է, որում բացահայտ խոսվում է, որ հայերը շատ ավելի բարձր են, քան անգլիացիները կամ ֆրանսիացիները»,- ասաց նա:

 

Ռեժիսոեր Վիգեն Ստեփանյանը ESem.am-ի հետ զրույցում ասաց, որ ֆիլմում բավականին լուրջ հարցերի մասին է խոսում: «Երնջակյանն իր տեսակի, հումորի մեջ է: Երբեմն վախ կար, որ ոչ բոլորը կհասկանան այն բարալիկ ակնարկները, որոնք առկա են, սակայն դա իր խոսքն է, որն ունի ամեն արվեստագետ»,- նկատեց նա:

 

 

Գլխավոր դերակատարներից մեկը՝ Անդրանիկ Հարությունյանը՝ Անդոն, նշեց, որ այս ֆիլմը «էստրադային» չէ և տարբերվում է մյուսներից: Ըստ Անդոյի՝ այն շատ հետաքրքիր է: «Կարծում եմ՝ այսօրվա հանդիսատեսը մի փոքր ավելի սառն է, քանի որ պրեմիերաներին միշտ մասնագիտական աչքով են նայում: Կարծում եմ՝ բոլորին էլ դուր է եկել: Վաղը և մյուս օրը հնարավորություն կունենամ ֆիլմը դիտել շարքային հանդիսատեսի հետ ու համոզված եմ, որ նրանցից շատ ավելի դրական էմոցիաներ կստանամ»,- ասաց դերասանը:

 

 

Համասեռամոլների խնդիրն արծարծող ֆիլմում դերասան Ռաֆայել Երանոսյանը՝ Ռաֆոն, համասեռամոլի դեր է խաղում: ESem.am-ի հետ զրույցում նա նշեց, որ դժվար էր մարմնավորել այս կերպարը, հատկապես շարժուձևերը, սակայն հույս հայտնեց, որ կարողացել է համոզիչ լինել: Անդրադառնալով ընտրված թեման կատակերգական ժանրով ներկայացնելուն՝ նա ասաց. «Երնջակյանի ոճն է, որ յուրաքանչյուր խոսքի տակ երկրորդ, երրորդ շերտ կա: Այնպես որ, պետք է մտածեն, հասկանան ու էնպես անեն, որ տղամարդու տեսակը չկորչի աշխարհի երեսից»:

 

 

Դերասան Արսեն Գրիգորյանն էլ ֆիլմում ներկայացել է միանձնուհու կերպարով: Նրա խոսքով՝ կնոջ կերպար խաղալը բարդ չէր:  «Ժանրը թույլ էր տալիս հեշտ մտնել այդ կերպարի մեջ: Շար ուրախ էր թե՛ նկարահանումների ժամանակ, թե՛ արդյունքը դիտելիս: Ես հաճույքով դիտեցի ֆիլմը՝ հետաքրքիր էր, հաճելի և ծիծաղելի»,- ասաց նա:

 

Պրեմիերային ներկա էին նաև Միքայել Պողոսյանը, Հրանտ Մովսիսյանը, Աշոտ Ղազարյանը՝ կնոջ հետ, Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արշալույս Հարությունյանը, Քեթրին Մանասյանը, Արման Մարգարյանը, Սաթենիկ Հազարյանը և այլք: 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը