Հայտնի հումորիստ, հաղորդավար, սիրված երգիչ և «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակ Արամ MP3-ը հաջողություն է մաղթել «Մանկական եվրատեսիլ- 2014» -ի մասնակից Բեթթիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արամ MP3-ն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ուղերձ-տեսանյութ:


«Բեթթի ջան քեզ մաղթում եմ լավ ելույթ, ամենակարևորը` փորձիր չհուզվել և պարզապես վայելիր քո ելույթը: Դու պետք է հաղթե՜ս ...Մենք քեզ հետ ենք»,- նշել է երգիչը: Տեսանյութում նա հույս է հայտնել, որ հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ- 2014» -ը կանցկացվի Հայաստանում:

 

 

Մեր երկիրը «Մանկական եվրատեսիլ- 2014»-ում այս տարի ներկայացնում է փոքրիկ երգչուհի Բեթթին: Նա հանդես կգա 12-րդ համարի ներքո, «Արևի մարդիկ» երգով: Մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին, Մալթայում:

 

«Իմ երազանքն է եղել մասնակցել այս մրցույթին: Երազում եմ հաղթել, որպեսզի հաջորդ տարվա «Մանկական եվրատեսիլ»-ն անցնի Հայաստանում: Խոստանում եմ, որ անպայման լավ ելույթ եմ ունենալու, ուրախացնելու եմ բոլորին, անպայման լավ հորիզոնական եմ գրավելու, և մենք հաղթելու ենք: Մրցույթի բոլոր մասնակիցները  շատ լավ, ուրախ երգեր ունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մալթա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում նշել էր Բեթթին:

 

Բեթթիին «Արեւի մարդիկ» («People of the sun») երգի պատրաստման ընթացքում օգնել են երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը: 

 

«Մանկական եվրատեսիլ- 2014» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 15-ին Մալթայում: Մրցույթի մասնակից պետությունները 16-ն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ, Խորվաթիա, Սան Մարինո և Ուկրաինա: