Թեյը, ցիտրուսային մրգերը և հյութերը կարող են էապես նվազեցնել ձվարանների քաղցկեղի առջացման վտանգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է այն հոդվածում, որը նոյեմբերի 1-ին կհրապարակվի American Journal of Clinical Nutrition-ում:
Այս եզրակցությանն են հանգել Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները՝ 25-ից մինչեւ 55 տարեկան 171 հազար 940 կանանց առողջության վրա ֆլավոնոլներ և ֆլավանոններ պարունակող մթերքների ազդեցության վերաբերյալ ավելի քան 30-ամյա հետազոտություններ կատարելուց հետո:
Հետազոտողները պարզել են, որ նրանք, ովքեր գործածել են ֆլավոնոլների բարձր պարունակությամբ սնունդ և ըմպելիքներ (թեյ, կարմիր գինի, խնձոր և խաղող), ինչպես նաև նրանք, ովքեր խմել են ցիտրուսային հյութեր և օգտագործել են ֆլավանոնների բարձր պարունակությամբ մրգեր, ամենաքիչ չափով են հակված եղել ձվարանների ուռուցքաբանական հիվանդության զարգացման նկատմամբ:
Ամեն տարի ամբողջ աշխարհում ձվարանների քաղցկեղն ախտահարում է հարյուր հազարավոր կանանց, այս հիվանդությունը հինգերորդն է քաղցկեղային ուռուցքներից մահերի ցուցակում: «Մենք պարզել ենք, որ այն կանայք, ովքեր գործածում են ֆլավոնոիդներ անվանվող հզոր նյութերի երկու ենթախմբեր՝ ֆլավոնոլներ և ֆլավանոններ պարունակող մթերքներ, ունեցել են ձվարանների քաղցկեղի զարգացման ավելի փոքր վտանգ: Մասնավորապես, օրական միայն երկու գավաթ սեւ թեյը թույլ է տալիս ձվարանների ուռուցքային հիվանդության վտանգը կրճատել 31 տոկոսով»,- հաղորդագրության մեջ բերված Նորվիչի բժշկական դպրոցի պրոֆեսոր Աեդին Քեսիդիի խոսքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: