ՀՀ նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը նոյեմբերի 8-12-ը կանցկացնի մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնը: Այն միաժամանակ կմեկնարկի Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում: Փառատոնն այսուհետ կկրի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոն անվանումը:

 

 Փառատոնի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 8-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնի երևանյան փուլը կտևի 5 օր, արդյունքները կամփոփվեն փակման արարողության ընթացքում՝ նոյեմբերի 12-ին: Փառատոնի մարզային փուլը կշարունակվի մինչև 2014թ. դեկտեմբերի 20-ը` Վանաձորում, Դիլիջանում, Արարատում և Եղեգնաձորում. մարզաբնակ երեխաների և երիտասարդների համար կցուցադրվեն փառատոնային լավագույն ֆիլմերն ու մուլտֆիլմերը:

 

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի ծրագրում ընդգրկվել է 145 ֆիլմ՝ 38 երկրից: Հոբելյանական 10-րդ փառատոնի կապակցությամբ` փոփոխության է ենթարկվել ժյուրիի ձևաչափը. այս տարի տարբեր անվանակարգերում կաշխատեն միայն երեխաներ և երիտասարդներ, մասնավորապես, «Խաղարկային ֆիլմեր» անվանակարգում ընդգրկված են Լոռու մարզի Ալավերդի, Վանաձոր, Շնող և Թեղուտ համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում` Գավառի մանկատան սաները, «Անիմացիոն ֆիլմեր» անվանակարգում` «Թումո» ստեղծարար տեխն ոլոգիաների կենտրոնի երեխաները, «Ես իրվունքներ ունեմ» անվանակարգում` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ուսանողները և «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգում` Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորները:

 

Փառատոնը կշարունակի համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ, ինչի արդյունքում 9-րդ փառատոնի շրջանակներում ստեղծված «Պատիվ ունեմ» ռազմահայրենասիրական ֆիլմերի անվանակարգը համալրել է փառատոնի ավանդական մրցութային անվանակարգերի շարքը: Այն նպատակ ունի կինոյի միջոցով նպաստել զինվորների գաղափարական դաստիարակությանը, բանակի մարտական ոգու բարձրացմանը: Լավագույն հայրենասիրական ֆիլմերը կցուցադրվեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի գնդերի զինվորների համար:

 

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում նախատեսվում են փառատոնի բացման և փակման արարողություններ, մամուլի ասուլիսներ, կինոդիտումներ, պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում, հանրակրթական ու արվեստի դպրոցներում: