Միացյալ Նահանգների Apple ընկերության՝ հավաքված տեսքով պատվիրատուին առաջարկված առաջին համակարգիչներից մեկը Bonhams աճուրդային տան կողմից 905 հազար դոլարով վաճառվել է Նյու Յորքում կազմակերպված աճուրդում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Apple-1 մակնիշի համակարգիչը, որը բանող վիճակում է, այդ տիպի սարքերի առաջին խմբաքանակի մաս է կազմել, որը 1976 թվականի ամռանը պատրաստել է ընկերության հիմնադիրներից մեկը՝ Սթիվ Վոզնյակը: Նա համախոհների օժանդակությամբ 50 այդպիսի համակարգիչ է հավաքել Կալիֆոռնիայի նահանգում գտնվող ավտոտնակում, որը պատկանում էր ֆիրմայի երկրորդ ստեղծողի՝ Սթիվ Ջոբսի ընտանիքին:
Ինչպես նշում են Bonhams-ի փորձագետները, Apple-1-ը բավականին մեծ պահանջարկ է վայելել և հեղափոխություն է գործել հաշվողական տեխնիկայի ոլորտում: Ավելի ուշ ստեղծվել են այդ մոդելի ևս մի քանի հարյուր սարքեր: 1976 թվականին դրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 500 դոլար, իսկ 1977 թվականին՝ գերազանցել է 660 դոլարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: