Հայ ու եվրոպացի գրողներին հինգերորդ տարին Հայաստանում համախմբող «Գրական տապան 2014» միջազգային փառատոնը մեկնարկեց: Փառատոնի բացման արարողությունն անցկացվեց սեպտեմբերի 19-ին, «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի հատուկ հանդիսությունների սրահում: Փառատոնի բացումն ուղեկցվեց երաժշտական համարների ներկայացմամբ: Բացման արարողության ընթացքում տեղի ունեցավ նաև «Գրական տապան 2013» փառատոնից հետո գրված ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:


ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, խոսելով «Գրական տապան 2014» փառատոնի մասին, նշեց, որ այն արդեն դարձել է ավանդական, և անցկացվում է արդեն հինգերորդ անգամ:  «Այս տարի փառատոնին մասնակցում են գրողներ տարբեր երկրներից, նաև այն վայրերից, որտեղից նախորդ տարիներին մասնակիցներ չենք ունեցել: Փառատոնի ընթացքում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ, հանդիպումներ, մասնագիտական քննարկումներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ներսես Տեր-Վարդանյանը:

 

ՀՀ մշակույթի փոխնախարարն ընդգծեց, որ փառատոնին մասնակցում են բազմաթիվ հայ հեղինակներ: «Հայ հեղինակների համար փառատոնը հրաշալի միջավայր է արտերկրում գրականության միտումների վերաբերյալ պատկերացում կազմելու և իրենց հուզող հարցերն արտերկրի գործընկերների հետ քննարկելու համար»,- հավելեց նա:

 

«Գրական տապան»-ի ղեկավար Դավիթ Մաթևոսյանը ողջունեց մասնակիցներին: Բացման արարողության ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրվեց փառատոնի համահիմնադիր Դավիթ Մուրադյանը: Փառատոնի մասնակիցներն իրենց հետ Հայաստան բերել էին նվեր-գրքեր:


Այս տարի «Գրական տապանը» հյուրընկալել է գրողների և բանաստեղծների՝ աշխարհի 11 երկրներից:  Փառատոնի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել գրողներ Ֆրանսիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Դանիայից և այլ երկրներից:

 

Հայ գրչակիցների ընկերակցությամբ՝ փառատոնի արտասահմանցի մասնակիցները կշրջեն Հայաստանի տեսարժան վայրերում, կանցկացնեն մասնագիտական քննարկումներ և վարպետության դասեր` երևանյան բուհերում:

 

Փառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այդ ընթացքում նախատեսված են նաև մարզային այցելություններ Օշական, Զվարթնոց, Էջմիածին, Տաթև:

 

Փառատոնի շրջանակում սեպտեմբերի 26-ին Երևանի Կամերային թատրոնում իր երկրպագուների հետ կհանդիպի լեհ հանրաճանաչ գրող Յանուշ Լեոն Վիշնևսկին, ով այս տարի Հայաստան է եկել հատուկ ծրագրով. սեպտեմբերի 27-ին Երևանի «Ռոյալ Թուլիփ Գրանդ» հյուրանոցում Վիշնևսկին կմասնակցի իր նոր՝ «Գրանդ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին:

 

Կոմիտաս Վարդապետի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրվա կապակցությամբ՝ սեպտեմբերի 27-ին, աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող գրողները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ կմիանան «100 հազար պոետ՝ հանուն փոփոխության» նախաձեռնությանը՝ արվեստի միջոցով աշխարհը փոխելու վճռականությամբ: 

 

Նախագծի արդյունքներով, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կհրատարակվի բազմալեզու գրական ժողովածու (բնագրով և հայերեն թարգմանությամբ), որտեղ ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած ժանրով կներկայացնեն հայաստանյան հանդիպումներից ու շրջագայություններից ստացած տպավորությունները:

 

«Գրական տապան» միջազգային փառատոնն իրականացնում է Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը (ԱՕԿՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: