Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստվում է Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնին: Հայ մեծանուն կոմպոզիտորի անունը կրող երաժշտական տոնն այս տարի ևս իր շուրջ կհամախմբի բազմաթիվ տաղանդավոր և հայտնի մենակատարների: ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը խոստանում է, որ այս տարվա իրադարձությունը կտարբերվի նախորդից:


«Երիտասարդական նվագախմբի համար 2013-2014 թթ. համերգաշրջանն ամենապրոֆեսիոնալներից էր, որովհետև մենք կազմակերպեցինք Արամ Խաչատրյանի անվան առաջին միջազգային փառատոնը: Աշխարհում բոլոր արտիստները, որոնց մենք հրավիրում էինք Հայաստան, հարցնում էին՝ ե՞րբ է ստեղծվել մեր փառատոնը: Բոլորը ենթագիտակցորեն մտածում էին, որ Հայաստանում պետք է լինի Խաչատրյանի անվան փառատոն: Աշխարհը գիտի, որ մենք ունենք նրա նման երաժիշտ, և մենք էլ մեր հերթին կարողանում ենք դա ներկայացնել աշխարհին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

 

Նրա խոսքով՝ փառատոնն այս տարի ևս ցույց կտա հանդիսատեսին, որ Հայաստանում ստեղծագործում է լավ երիտասարդություն, որը սիրում է իր գործն ու երաժշտությունը:

 

«Այս տարի փառատոնը մեկնարկելու է սեպտեմբերի 16-ին: Երիտասարդականը «Արամ Խաչատրյան» համերգասրահում DJ Switch-ի հետ հանդես կգա համերգով:  Երիտասարդները շատ են սիրում լավ DJ-ներին: DJ և սիմֆոնիկ նվագախումբ համադրությունն իրականում շատ պարզ է, որովհետև երկուսն էլ խոսում են երաժշտության լեզվով, բայց պետք է կարողանաս սինթեզել այդ երկուսը: Սերգեյ Պրոկոֆևի թոռնիկը՝ Գաբրիել Պրոկոֆևը, գրել է կոնցերտ հարվածայինների, շեփորի, նվագարկչի և նվագախմբի համար: Հենց այդ կոնցերտն էլ մենք կներկայացնենք այդ երեկոյի ընթացքում»,-նշեց Սմբատյանը:

 

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ կոնցերտը հնչել է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, և մեծ հաջողություն է ունեցել: «Շատ կրեատիվ միտք է, ինչու ոչ, կարելի է նման բան անել Հայաստանում: Հնարավոր է և հետաքրքիր»,-հավելեց նա:

 

Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև բազմաթիվ այլ համերգներ: «Հայտնի ջութակահար Զախար Բրոնը կգա Հայաստան: Նա Վենգերովի, Նիկոլայ Մադոյանի դասախոսն է, և աշխարհում ջութակի ամենալավ մասնագետը: Հայաստանում երաժիշտը վարպետության դաս կանցկացնի, ինչպես նաև հանդես կգա մենահամերգով:  Մենք շատ խիտ գրաֆիկ ունենք: Շատ եմ կարևորում, որ մենք փառատոնի շրջանակում հանդես ենք գալու նաև հայ մենակատարների հետ: Մենք սիրում ենք այն մարդկանց, որոնք Հայաստանից չեն, սակայն պետք է գնահատենք նաև նրանց, ովքեր հենց այստեղ են ստեղծագործում »,-հավելեց նա:

 

Մինչև դեկտեմբեր շարունակվող փառատոնի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես կգա համերգներ-նվիրումներով, որոնք հոբելյանների առթիվ յուրահատուկ հարգանքի տուրք կլինեն կյանքից հեռացած, ինչպես նաեւ դեռեւս ստեղծագործող գործիչների` Սոս Սարգսյանին, Գևորգ Վարդանյանին, Ավետ Տերտերյանին, Արշիլ Գորկուն, Երվանդ Քոչարին, Վազգեն Սարգսյանին, Յուրի Դավթյանին, Վլադիլեն Բալյանին, Վլադիմիր Սպիվակովին, այլոց:

 

Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնը կեզրափակվի դեկտեմբերի 4-ին: ՀՊԵՆ-ը կներկայացնի փառատոնի վերջին համերգը՝ նվիրված «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերություն» հասարակական կազմակերպության 70-ամյակին: