Գերմանական Բեյրուֆ քաղաքում օգոստոսի 2-17 կայանալիք միջազային օպերային ամենամյա փառատոնի շրջանակներում այս տարի առաջին անգամ տեղի է ունենալու երիտասարդական երգչախմբերի փառատոն «Ազատություն» խորագրով: Վագների հիմնած այս փառատոնում Հայաստանը կներկայացնի «Խազեր» երիտասարդական երգչախումբը:
«Արմենպրես»-ի թղթակիցը հանդիպեց խմբի գեղարվեստական ղեկավար Անի Նավասարդյանի հետ:
«Խազեր» երգչախումբը հիմնվել է մոտ երկու տարի առաջ մի քանի երիտասարդների կողմից, ում միավորում էր սերը դեպի Կոմիտասի երաժշտությունը: Խմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով, առավել պրոֆեսիոնալ սկսել են զբաղվել մոտ մեկ տարի առաջ: Այսօր խմբի միջուկը կազմում են տասներկու երաժիշտներ, սակայն առաջիկա փառատոնին մասնակցելու պայմաններին համապատասխանելու համար հրավիրել են խմբի հին անդամներից ևս ութին: Խմբի մասնակիցների տարիքը չի գերազանցում 26-ը, որոնցից միայն յոթը կոնսերվատորիական կրթություն ունեն:
«Խմբի հիմնման նպատակը հենց Կոմիտասի երգերի կատարումն էր, իսկ քանի որ նա վերծանում էր հայկական խազային գրառմամբ երաժշտությունը, ապա և որոշեցինք մեր խումբն անվանել «Խազեր»: Ես խուսափում եմ երաժշտական փորձ ունեցող մարդկանց հետ աշխատելուց, հատկապես կոնսերվատորիայից, քանի որ այնտեղ ուրիշ դպրոց է, որտեղ Կոմիտաս չեն ճանաչում, և ուսուցման հիմքում դրված է եվրոպական համակարգը, ինչը խանգարում է Կոմիտասի ճիշտ ընկալմանը: Կոմիտասն ասել է, որ հայկական երաժշտությունը պահանջում է ինքնուրույն մտածողություն և հանդիսանում է ինքնուրույն համակարգ: Ինչից կոնսերվատորիան հեռու է», -ասաց Անի Նավասարդյանը:
Քանի որ հրավիրող կողմը ապահովում է խմբի կեցությունը 15 օրվա ընթացքում, երիտասարդներին միայն անհրաժեշտ է հոգալ իրենց ճանապարհածախսը: Այդ նպատակով հուլիսի 19-ին ֆիլարմոնիայի մեծ դահլիճում կայանալու է խմբի մենահամերգը, որտեղ ներկայացվելու են Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի և այլ հայ կոմպոզիրորների մոտ երեսուն ստեղծագործություն: