Emmy մրցանակի դափնեկիր Ջոզեֆ Ռոսենդոն մտադիր է Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել` «Պեղում ենք ապագան. Հայաստան» վերնագրով: Նախաձեռնության և նկարահանման աշխատանքների մեկնարկի մասին ռեժիսորը կհայտարարի հունիսի 6-ին Կալիֆորնիայում գործող «Արարատ-Էսքիջյան» թանգարանում: Ինչպես հաղորդում է Masis Post-ը, ֆիլմը փաստագրական է` Հայաստանում հնագիտական գիտարշավի մասին:

 

«Որպես ֆիլմաշարի առաջին ֆիլմի թեմա մենք ընտրեցինք Հայաստանը, քանի որ ամերիկացիներից շատ քչերը գիտեն Հայաստանի հարուստ պատմության մասին և քչերն են ծանոթ նրա գեղեցիկ բնապատկերներին ու մշակութային ժառանգությանը: Գեղեցկությունը, խոհանոցը, խմիչքները, ժողովրդի ոգին շատ կարևոր են և տպավորիչ: Շատ հետաքրքիր էր գտնվել մի երկրում, որն այդքան խնդիրներ և դժվարություններ է հաղթահարել և կարողացել վերապրել»,- ասել է Ռոսենդոն:

 

Ֆիլմը նկարահանելու ընթացքում ռեժիսորին կաջակցեն Կալիֆորինիայի համալսարանի Costen ինստիտուտից մի խումբ հնագետներ: Վերոնշյալ ինստիտուտը զբաղվում է հնագիտական գիտելիքների ու ժառանգության պահպանմամբ ու տարածմամբ:

 

«Կարծում եմ՝ ֆիլմը կհետաքրքրի հատկապես նրանց, ովքեր նոր երկրներ են ցանկանում բացահայտել, հետազոտել, գուցե նաև ճամփորդել: Հայաստանը հեքիաթային երկիր է, հրաշալի մի վայր` հետաքրքիր պատմությամբ, համեղ ուտեստներով ու գեղեցիկ մարդկանցով: Ֆիլմում հատուկ ուշադրություն է հատկացվում ժողովրդի հարուստ մշակութային ժառանգությանն ու պատմությանը, հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Costen ինստիտուտի տնօրենը` Չարլզ Սթենլին:

 

Travelscope-ի ռեժիսոր Ջոզեֆ Ռոսենդոն պատմում է ճամփորդությունների մասին արդեն շուրջ 30 տարի: Emmy-ից բացի, նա պարգևատրվել է նաև ԱՄՆ Հանրային հեռուստատեսության (PBS) կողմից ճամփորդությունների մասին հեռուստասերիալների համար: