Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթը, որը կանցկացվի հենց կոմպոզիտորի անունը կրող համերգասրահում: Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբից, 2014-ին մրցույթն ուղղված է դաշնամուր մասնագիտությամբ շնորհալի երիտասարդ ե րաժիշտների բացահայտմանը: Երևանը կհյուրընկալի բազմաթիվ օտարերկրյա հյուրերի՝ ի դեմս ժյուրիի անդամների, մասնակիցների, պատվավոր հյուրերի և, իհարկե, պարզապես երաժշտասերների:
Երեկոյի ընթացքում ելույթ կունենա 2007-ից մրցույթի պաշտոնական նվագախումբ ճանաչված Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, դաշնակահար Արմեն Բաբախանյանը:
Համերգի ընթացքում կհնչի Արամ Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը (մենակատար՝ Արմեն Բաբախանյան):
Այս տարի մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է 26 մասնակից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից, Լատվիայից, Թայվանից, Հարավային Կորեայից, Չինաստանից, Ռուսաստանից, Հայաստանից և այլ երկրերից:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի շնորհիվ: Մրցույթն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է:
Հոգաբարձուների խորհրդի կազմում են համաշխարհային հռչակ վայելող այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Ջոնաթան Ֆրիման-Էթվուդը, Վալերի Գերգիևը, Պավել Կոգանը, Ինո Միրկովիչը, Էլժբետա և Քշիշտոֆ Պենդերեցկիները, Միխայիլ Շվիդկոյը, Ալեքսանդր Չայկովսկին, Մարկ Զիլբերկվիտը, Տանյա Դորնը և շատ այլ նշանավոր անձինք:
2008-ից մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց արտակարգ և լիազոր դեսպան, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը:
2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: